Press "Enter" to skip to content

Դատարան դիմած քաղաքացին մահացավ ծերությունից

Դատավորը խոստացավ մասնակցել թաղմանը, չնայած պետք է հետաձգի 4 այլ նիստ
1946-2015 Հավատարիմ ամուսին, սիրված հայր, հրաշալի պապ և հայցվոր

Դատական գործընթացների ռեկորդային դանդաղության պատճառով Մովսես Մկրտչյանը` նույն ինքը Մովսես Պապին, այդպես էլ չի լսի դատավորի վճիռը. նա կյանքից հեռացավ այսօր, ժամը 21:00-ի շրջանակներում: Մովսես Պապին դիմել էր դատարան դեռ 1994թ., երբ դե ֆակտո և դե յուրե դեռ հանդիսանում էր Մովսես ձյաձյա: Այն ժամանակ նա մտածում էր, որ ավտոտնակի շուրջ ծագած իր և հարևանի միջև վեճը դատարանում կլուծվի 1-2 ամսվա ընթացքում: Պատասխանող կողմը` Գափո Պապին (խմբ. նախկինում` Գափո) արցունքները աչքերին հիշում է դատարանի առաջին նիստը. «Տղես էդ օրը հետս եկավ, դասի չնստեց, որ հոր հետ լինի: Հիմա արդեն ինքն էլ ա մեծ մարդ ու թոռ ունի: Մոսոն էլ, ես էլ ջահել, առույգ տղամարդիկ էինք եկանք, պարզվեց դատավորը հիվանդացելա ու նիստը հետաձգեցին»: Քիչ անց նրանք բացահայտեցին, որ նիստի յուրաքանչյուր հետաձգում տևում է ամիսներ: Այդ ընթացքում դատավորը հասցրեց հիվանդանալ, կանչվել խորհրդակցության, հղիանալ գնալ դեկրետ, ամուսնանալ, վերադառնալ, հիվանդանալ, ձերբակալվել կաշառքի համար,  փոխարինվել մեկ այլ դատավորով, որը իր հերթին մի քանի անգամ հիվանդացավ, խնդրեց հետաձգել նիստը գործին ավելի մանրամասն ծանոթանալու համար, վարեց շատ ավելի կարևոր գործեր, մեկնեց վերապատրաստման, հիվանդացավ, քիչ էր մնում բռնվեր կաշառքի համար, պլստաց ու էլի հիվանդացավ:

«Մի անգամ 2008-ին դատավորը իրոք եկել էր: Պետք է լիներ նիստ, բայց թարսի պես ես էի վատառողջ, դե արդեն մեծ մարդ էի, սիրտս էն չէր», — վերհիշում է Գափո պապին: Իսկ 2012թ. սեպտեմբերին նիստը իրոք սկսվեց, բոլորը տեղում էին` Մովսես Պապին իր թոռներով, Գափո Պապին իր ծոռներով, սակայն դատարանում անջատվեց էլեկտրաեներգիան, ինչի պատճառով դատավորը հայտարարեց փոքրիկ ընդմիջում` մինչև դեկտեմբեր:

Նիստերի անվերջ հետաձգման արդյունքում վիճահարույց ավտոտնակի տեղում կառուցվեց սուպերմարկետ, և երկու նախկին երիտասարդները պատրաստվում էին փոփոխել հայցը ընդդեմ ապօրինի կառուցապատողի, բայց դատավորը խիստ հայացքով պատասխանեց, որ մինչև գործը բոլոր մանրամսներով չքննվի, հայտը փոփոխելու մասին պետք է մոռանալ:

«Շատ մտերմացանք Մոսոյի հետ, քեֆս բերում էր էդ մարդը: Ահագին կուրախանար, եթե ես պարտվեի», — ափսոսում է Գափո Պապը: Նա շատ կցանկանար, զուտ որպես հարգանքի տուրք հին ու բարի օրերին,  ավարտի հասցնել դատական գործը Մովսես Պապիի Ժառանգների հետ, սակայն կարծում է, որ իր առողջությունը անհամատեղելի է հայկական Ֆեմիդայի գործելաոճի հետ: Մովսես Պապու հոգեհանգիստը կկայանա վաղը 17:00, եթե դատարանը չորոշի այն հետաձգել մահվանան պատճառների առավել խորքային և համապարփակ ուսումնասիրության համար:

Մեկ մեկնաբանություն

  1. Edgar Asatryan via Facebook Edgar Asatryan via Facebook 09/02/2015

    verjna???

Մեկնաբանությունները փակ են.