Press "Enter" to skip to content

Խանութներում 2017թ. արտադրության կաթը վնասում է 2016թ. արտադրության կաթի վաճառքներին

Արտադրողը պնդում է, որ կաթը շատ թարմ է
Արտադրողը պնդում է, որ կաթը շատ թարմ է

Ամանորյա արձակուրդի ժամանակ սուպերմարկետներում հայտնվեց կաթի խմբաքանակ, որը, համաձայն պիտակի, արտադրվել էր 09.01.2017թ.: Փաստը խիստ վրդովմունք է առաջացրել հատկապես կաթնամթերք արտադրողների շրջանում. մրցակիցները պնդում են, որ ընկերության այդ քայլը վնասում է իրենց կաթնամթերքի վաճառքին, որը, համաձայն պիտակի, արտադրվել էր ընդամենը 03.01.2016թ.: «Սա անշնորհք և ստոր քայլ է, որն ունի ընդամենը մեկ նպատակ` տապալել մեր կաթի վաճառքները», — բողոքում է «Գուրգեն և Գուրգեն» ընկերության տնօրեն Գուրգեն
Գուրգենյանցը: Նրա խոսքով` կա հստակ պայմանավորվածություն` կեղծված արտադրության ժամկետները չպետք է գերազանցեն մեկ տարին. «Խիղճն էլ է լավ բան, չի կարելի ժողովրդին ապուշի տեղ դնել», — հավելեց Գուրգենյանցը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը խոստովանեց, որ չի պատրաստվում ուսումնասիրել միջադեպը. «Եթե վաճառված կաթը օրինակ հին լիներ, ուրեմն այն վտանգավոր կլիներ սպառողի առողջությանը, ուրեմն մենք դեպքը կուսումնասիրեինք և օրենքի ողջ խստությամբ կպիսկեինք արտադրողին: Բայց վաճառված կաթը 2017թ. արտադրության է, այսինքն շատ թարմ»: Ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը ավելի շատ անհավասար մրցակցության ոլորտին է պատկանում, ուստի պետք է դիմեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
ՏՄ պաշտպանները հաստատեցին, որ խնդիրն իրոք իրենց տիրույթում է և կուսումնասիրվեր, եթե կատարվածը տեղի ունենար 2015թ.: «Հասկանու՞մ եք` վիճահարույց մթերքը 2016 և 2017թ. արտադրության է: Շատ կներեք, բայց ես վստահ չեմ` կլինի՞ 2016թ. ՏՄՊՊՀ, թե՞ չի լինի: Մենք իրավասու չենք քննել դեռ տեղի չունեցած դեպքեր», — բացատրեց ՏՄ կիսապաշտպան Շավարշ Կարախանյանը:
Մինչ գերատեսչությունները քննարկում են, թե ով պետք է զբաղվի ապագայում արտադրված մթերքով, սուպերմարկետներում արդեն հայտնվեց առաջին 2018թ. արտադրության թթվասերը: