Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն գնում է փոխզիջման` ԲՀԿ-ին կփոխանցվի ՀՀ տնտեսության ևս 5-6%

«Չի բացառվում, որ ԲՀԿ-ին կփոխանցվեն նաև Նոր Նորքի 3, 5 և 9-րդ զանգվածները»
«Չի բացառվում, որ ԲՀԿ-ին կփոխանցվեն նաև Նոր Նորքի 3, 5 և 9-րդ զանգվածները»

ԵՐԵՎԱՆ — Ուրբաթ օրվա ՀՀԿ նիստին քննարկվել են ոչ իշխանական ուժերի պահանջները և որոշում է կայացվել նվազեցնել ներքաղաքական լարումը: Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ին կտրվի լրացուցիչ մասեր ՀՀ տնտեսությունից, ինչպես նաև Վայոց Ձորի մարզը:

Երկար ու դժվար բանակցություններից հետո կարծես երկրի երկու հզորագույն կուսակցությունները կարողացան գալ փոխզիջման: ՀՀԿ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազենկոն հայտարարեց. «Դանդաղ շտապելը վերջապես տվեց իր արդյունքները»:

«Իհարկե մի փոքր տհաճ է, որ ստիպված ենք ԲՀԿ-ին հանձնել տնտեսության լրացուցիչ չալաղաջ կտորներ, ինչպես նաև մեր սիրված մարզերից մեկը, բայց դա մտածված քայլ է. այլ պարագայոմ կարող էր լարվել վիճակը երկրում, ինչը մեզ պետք չէ», — նշում է Շարմազենկոն:

ԲՀԿ-ն առայժմ չի արձագանքում այս լուրին` նշելով, որ առայժմ որևէ բան հստակ չէ: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Իշխանության հրապարակած տեղեկությունները փափուկ ասած կեղծ են և կապ չունեն իրականության հետ: Ոչ մի նման պայմանավորվածություն չկա: Իրականում մենք ակնկալում ենք տնտեսության ոչ պակաս քան լրացուցիչ 12-13% և ոչ թե Վայոց Ձորը, այլ Գեղարքունիքը»:

«Ուղղակի ամոթ է և ծիծաղելի, որ ՀՀԿ առաջարկում է քառորդից պակաս մասնաբաժին տնտեսությունից»,  -Զոհրաբյան
«Ուղղակի ամոթ է և ծիծաղելի, որ ՀՀԿ առաջարկում է քառորդից պակաս մասնաբաժին տնտեսությունից», -Զոհրաբյան

ԲՀԿ-ի արձագանքին արդեն արձագանքել է ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը: ԵրիտԱվագյանը երազկոտ է անվանել ԲՀԿ-ի պահանջները: «Ես երազկոտ եմ անվանում ԲՀԿ-ի պահանջները», — նշել է Ավագյանը, — «Չկա ՈՉ մի պատճառ, որ ԲՀԿ-ին հանձնենք այդքան շատ տնտեսություն: Այո, չեմ բացառում, որ կարող են լինել զիջումներ, օրինակ` Վայոց Ձորի փոխարեն հանձնենք Շիրակը կամ Տավուշը, բայց ոչ Գեղարքունիքը: Մենք չենք կարող զրկվել միակ ելքից դեպի ծով»:

Փորձագետները չեն բացառում, որ փոխզիջումը կարող է ներառել նաև հարկային արտոնություններ Մուլտի Գրուպի համար: Քաղաքագետ հրապարակախոս Մանվել Սարգսյանը գտնում է, որ փոխզիջումները կլինեն ավելի լայնածավալ. «Կարծում եմ` ԲՀԿ-ին կտան նաև լրացուցիչ արտոնություններ, ինչպիսիք են կարմիր գծերի մեջ մեքենայի անվճար կայանումը, ռեստորաններում թեյավճար չթողնելը, իսկ պատգամավորներին նաև կթույլատրեն անխափան քշել կարմիր լույսի տակ»:

Անանուն աղբյուրների մամուլի հաղորդագրության համաձայն իշխանությունը որոշ բաներ առաջարկել է նաև ՀԱԿ-ին և Ժառանգությանը: ՀԱԿ-ին առաջարկվել է հավաստագիր, որտեղ նշված է, որ «Ռեժիմը պաշտոնապես խուճապի մեջ է», իսկ Ժառանգությանը առաջարկվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Երկու կուսակցություններն էլ մերժել են առաջարկը և այժմ կոչ են անում նաև ԲՀԿ-ին չգայթակղվել առաջարկին:

Մեկ մեկնաբանություն

  1. Eva Grigoryan via Facebook Eva Grigoryan via Facebook 03/12/2014

    что они там массово курят?

Մեկնաբանությունները փակ են.