![«Այդքան թերահավատ մի եղեք: Տվեք մեզ մի քանի տարի և ամեն ինչ կներկայացնենք», -Ք. Ղարագյոզյան](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2014/11/knarik.png?resize=166%2C250)
ԵՐԵՎԱՆ — Ազգային ժողովում ներկայացվեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթղթի վերնագրի առաջին մասը: Հաշվի առնելով, որ ամբողջական փաստաթուղթը բաղկացած է 7 հազար էջից` այն կներկայացվի պատգամավորներին մոտակա 7314 նիստերի ընթացքում:
«Մենք հասկանում ենք, որ փաստաթուղթը շատ ծավալուն է և դժվար մարսելի: Դրա համար առաջարկում ենք սովորական քաղաքացիներին պարզապես հետևել իրենց կյանքի փոփոխությանը մոտակա տարիների ընթացքում և այդպես կռահել, թե ինչ էր գրված փաստաթղթում», — առաջարկում է ԵՏՄ հարցերով պատասխանատու Շավարշ Քոչարյանը:
Կառավարությունը չի ակնկալում, որ հասարակ քաղաքացիները կկարողանան հասկանալ այդ փաստաթուղթը և չի շտապում այն ներկայացնել հանրությանը: Չնայած դրան` ԱԺ-ն արդեն ստեղծել է հանձնաժողով, որը կզբաղվի հասարակության իրազեկվածության բարձրացմամբ:
ԱԺ հանձնակատար Քնարիկ Ղարագյոզյանը ասել է. «Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը լավ հասկանա, թե ինչ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել… հենց ինքը` ժողովուրդը: Մեր լավագույն աշխատակիցները արդեն անցնում են հատուկ ուսուցում, որի արդյունքում կկարողանան մատչելի բացատրել յուրաքանչյուր քաղաքացու, թե ուր է մտնում Հյաաստանը 2015-ի հունվարին»:
Ղարագյոզյանը նաև նշում է ժամկետներ, թե երբ են արագ արձագանքման ուսուցանողները սկսելու կրթել քաղաքացիներին: «Չենք ուզում գլուխ գովալ, բայց աշխատանքը գնում է շատ արագ և, կարծում ենք, 2018-ի արդեն առաջին կեսին կկարողանանք բացատրել մարդկանց, թե ինչ է ԵՏՄ-ն», — ասում է Քնարիկը, – «Կրկնում եմ` առաջին կեսին»:
![«Պետք է ժողովրդի մոտ ստեղծել տպավորություն, որ նրանց կարծիքը հաշվի եք առնում», - Զուրաբյան](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2012/04/Levon-Zurabyan.jpg?resize=250%2C218)
Ընդդիմությունը պնդում է, որ ժողովուրդը իրավունք ունի ծանոթանալ այդ միջազգային պայմանագրին նախքան դրա` ուժի մեջ մտնելը: «Միացյալ համազգային ընդդիմադիր ճակատ» դաշինքի հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է. «Սա պարզապես անընդունելի է: Քաղաքացիները պարտադիր պետք է իմանան Ռուսաստանի հետ այդ պայմանագրի բոլոր դրույթները: Դա տարրական կուլտուրա է… Մենք հո չենք ասում` հարցնենք քաղաքացիների կարծիքը կամ հանրաքվե անենք կամ չստորագրենք ԵՏՄ պայմանագիրը: Բայց գոնե կարող ենք մի քանի սերիալի փոխարեն ցուցադրել «ԵՏՄ ժամեր» հեռուստատեսությամբ»:
Փորձագետները ևս կոչ են անում իշխանությանը օր առաջ ներկայացնել պայմանագիրը ժողովրդի դատին: «Անկախ փորձագետների ազգային ասոցիացիայի» նախագահ Վանիկ « թրաշ» Վերլիկյանը նշել է. «Եկեք հնարավորինս պարզ ու շիտակ խոսենք. ոչ ոք չի ասում, որ ժողորդից ինչ-որ բան հարցնենք: Ընդամենը ասում ենք ժողովրդի համար մի փոքրիկ բուկլետ տպենք, որտեղ գրած կլինի այն Միության անվանումը, որի անդամ են նրանք դառնալու մի քանի ամսից»: