Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանը հերքում է «Փռչոտի» սպանության քաղաքական ենթատեքստը

Փռչոտը պահանջում է Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը
Փռչոտը Հենրիկ Նավասարդյանի անհապաղ հրաժարականը պահանջելիս

ԵՐԵՎԱՆԵրկու շաբաթ առաջ Երևանում սպանվել է քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկած «Փռչոտ» մականունով շունը: Ըստ շրջանառվող լուրերի` շան սպանությունը կապված է վերջինիս քաղաքացիական դիրքորոշման և գործունեության հետ:

Փռչոտը մտավ ակտիվ քաղաքացիական դաշտ 2011-ին` Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ: Նա մասնակցել է թե ակցիաների, թե բողոքի այլ միջոցառումների, իսկ ազատ ժամանակ Մաշտոցի պուրակի տարբեր անկյուններում լիզել է սեփական վերարտադրողական համակարգը:

Ակտիվիստ Անանիա Մանանյանը պնդում է, որ Փռչոտին սպանել են քաղաքացիական հասարակության ձայնը կտրելու նպատակով: «Ակնհայտ է, որ Փռչոտը դարձել էր ոսկոր քաղաքապետարանի կոկորդում: Նա յուրաքանչյուր առիթ օգտագործում էր իշխանությունների վարքը քննադատելու համար. մասնակցում էր ցույցերի, հեծանվարշավների, իսկ երբեմն` ի նշան բողոքի, քաղաքապետարանի դիմաց լիզում էր սեփական վերարտադրողական համակարգը»:

Փռչոտի հիմնական հենարանն էր բնապահպանական համայնքը, որը հարազատի պես սիրում էր այդ փոքրիկ, պայքարող շնիկին, բայց ոչ այնքան, որ մշտական բնակության նպատակով տաներ տուն:

«Ախր նա մեր ընկերն եր, մեր դաշնակիցը, մեր զինակիցը` սկսած Մաշտոցի պայքարից մինչև տրանսպորտային պատերազմներ…», — կիսվում է վրդովված բնապահպանը: «Մենք նրան սիրում էինք ինչպես փոքրիկ եղբոր, հարազատ ընտանիքի անդամի… Դե բայց իհարկե ոչ այնքան, որ տանեինք մեր տանը պահեինք…», — շարունակում է Փռչոտի մտերիմը:

«Փռչոտին սպանել են իր ազգային պատկանելության համար», - ակտիվիստներ:
«Փռչոտին սպանել են իր ազգային պատկանելության համար», — ակտիվիստներ:

Քաղաքապետարանի արտաքին կապերի բաժինը (քչերը գիտեն, բայց այդպիսի բաժին իրոք գոյություն ունի, — խմբ.) պնդում է, որ Փռչոտի միջադեպը տեղի է ունեցել անօթևան շներից քաղաքը մաքրելու միջոցառման շրջանակներում:

Բաժնի ղեկավար Զավեն Ծպտունցը նշում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստացել Կենտրոն համայնքի բնակիչներից Փռչոտի վերաբերյալ: «Մարդիկ ահազանգում էին, որ Շարիկը (փռչոտի փաստացի անունը, — խմբ) անհանգստացնում է բնակիչներին` հանրային վայրերում ագրեսիվորեն լեզվահարելով վերարտադրողական ամբողջ ապարատը, — պարզաբանում է Ծպտունցը, — «Մենք մի քանի տարի հանդուրժեցինք այդ վարքագիծը` հաշվի առնելով Շարիկի քաղաքացիական կշիռը և ակտիվությունը, սակայն մեր համբերությունը սահման ունի»:

Աղբյուրների համաձայն` Փռչոտը մի քանի անգամ տարվել է ոստիկանության բաժին` բացատրական աշխատանքների համար: Ոստիկանության կապիտան Սեբաստիան Բախը (անուն և ազգանունը փոփոխված են աղբյուրի խնդրանքով) պնդում է, որ Փռչոտը մի քանի անգամ սադրել է իրավապահներին` «սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելով ոստիկանի ոտքի նկատմամբ»:

«Նա դոմփում էր իմ ոտքը», — թախծոտ կիսվում է Սեբաստիանը, — «Չէր կատարում իմ օրինական պահանջները` դադարել ոտքս դոմփելը»:

7 Comments

  1. Erik Ghazaryan via Facebook Erik Ghazaryan via Facebook Նոյեմբերի 20, 2014

    Խնդալու չի.

  2. Լիլիթ Նաիրուհի Ղազարյան Լիլիթ Նաիրուհի Ղազարյան Նոյեմբերի 20, 2014

    Տուն չտանելու պահը վատն էր, որովհետև Փռչոտը մշտական մնալու տեղ ուներ՝ ՀՎԶ արհեստանոցը, էնտեղ էր ապրում։

  3. Aida Kazaryan via Facebook Aida Kazaryan via Facebook Նոյեմբերի 20, 2014

    Аскацохи амар кярфинджов криве_эсписи жоховрдакан хоск ка…

  4. Manuk Manuk Փետրվարի 11, 2015

    aaaa shat lavner )))))))))))

Մեկնաբանությունները փակ են.