Press "Enter" to skip to content

Իշխանությունը կոչ է անում ընդդիմությանը «գոնե ձևի համար մի քիչ ավելի լուրջ պահել»

«Գոնե մի թեթև ստիմուլ ստեղծեն, որ ժողովրդի համար լավ բան անենք»
«Գոնե մի թեթև ստիմուլ ստեղծեն, որ տեղից շարժվենք, մի լավ բան անենք»

ԵՐԵՎԱՆ — Անցած շաբաթվա` ոչ իշխանական ուժերի հանրահավաքը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանական օղակներում: ՀՀԿ խոսնակը փոխանցել է, որ երեք ընդդիմադիր ուժերի անլուրջ պահվածքը կարող է լճացում առաջացնել իշխանության մոտ:

Էդուարդ Շարմազենկոն նշում է, որ դա կարող է նույնիսկ խորացնել կոռուպցիան: «Անկեղծ ասած մենք մի պահ մտածում էինք, որ ընդդիմությունը կլինի այնքան համախմբված և պահանջկոտ, որ ստիպված կլինենք կրճատել կոռուպցիան, ստվերային տնտեսությունը և մասամբ` ալան-թալանը: Սակայն վերջին հանրահավաքները նույնիսկ մոտիվացիա չեն ստեղծում մի լավ բան անելու», —   նշել է Շարմազինսկին:

Նման միտում նկատվում է իշխանության բոլոր մակարդակներում: Դատախազությունը ևս մեծ հիասթափություն է արտահայտել ընդդիմության վարքի կապակցությամբ: «Մենք վստահ էինք, որ գոնե երկրորդ հանրահավաքը կլինի ավելի քիչ զվարճալի և ավելի շատ սպառնալիքներով լի… Այդ դեպքում մենք տեղից կշարժվեինք, կսկսեինք ինչ-որ բաներ բզբզալ… Նույնիսկ կարողա մի քանի կաշառակեր բռնեինք…», — տխուր դեմքով մեկնաբանեց Գլխավոր դատախազության մամլո խոսնակը:

«Վերջին հանրահավաքը շատ ավելի քիչ զվարճալի էր, քան առաջինը: Դրական դինամիկան ակնհայտ է», - Զուրաբյան
«Վերջին հանրահավաքը շատ ավելի քիչ զվարճալի էր, քան առաջինը: Դրական դինամիկան ակնհայտ է», — Զուրաբյան

Ընդդիմությունը չի կիսում իշխանությանը զարմանքը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վստահ է, որ երկրորդ հանրահավաքը շատ ավելի քիչ զավեշտալի էր, քան առաջինը: Զուրաբյանը մասնավորապես նշում է. «Համամիտ եմ` բոցեր կային: Դե հիմնադիր նախագահի նկատողությունը, վարողի բոցաշունչ ներկայացման որոշ դրվագներ, Ծառուկյանի և Րաֆֆիի ճառերը ամբողջությամբ, բայց համեմատած նախորդի հետ` ավելի լուրջ էր, ավելի միասնական…»:

Ֆինանսների նախարարությունը խոստովանում է, որ նույնպես պլանավորել էին լուրջ բարեփոխումներ ընդդիմության ճնշման տակ, բայց դա տեղի չունեցավ: «Անկեղծ ասած արդեն պատրաստել էինք օրինագիծ, որով 2015-ի սկզբից պետք է կրկնապատկեինք մինիմալ աշխատավարձը և հատուցեինք «նաիրիտցիների» աշխատավարձի պարտքը, բայց… սենց ելույթներից հետո նույնիսկ մտածում ենք մի տասը տոկոսով հարկերը բարձրացնել», — հայտնեց նախարարության աղբյուրը:

Փորձագետները կիսում են իշխանության մտահոգությունը, սակայն չեն տեսնում խնդրի լուծման եղանակ: «Դե հիմա ի՞նչ անեն, հո չե՞ն կարող արգելել Րաֆֆիին ելույթ ունենալ: Կամ հո չե՞ն կարող Ծառուկյանին սովորեցնել, որ ինքն իր մասին երրորդ դեմքով չխոսի…: Ուղղակի պետք է հասկանալ, որ այս իշխանափոխության ալիքը լինելու է մի փոքր ավելի զվարճալի, քան նախորդները», — բացատրում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

 

4 Comments

  1. Arsen Hambartsumyan via Facebook Հոկտեմբերի 28, 2014

    …Էսինչ` է խոսում էս թլպատված.խառնածինը….բոլորտել մի,գառշոկի ….մատերալ էք……

Մեկնաբանությունները փակ են.