Press "Enter" to skip to content

Դարթ Վեյդերը միացել է ոչ իշխանական ուժերին

«Ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եմ և... ես շատ հպարտ եմ, որ այսօր ասյտեղ եմ», - Վեյդեր:
“Ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եմ և ես շատ հպարտ եմ, որ…”, — Վեյդեր

ԵՐԵՎԱՆ — Երեկ իշխանության բազմամյա թիմակից Դարթ Վեյդերը պաշտոնապես դադարեցրել է կապը իշխանական համակարգի հետ և մաս է կազմել ոչ իշխանական քառյակի: ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն ողջունել է այդ քայլը և հայտարարել, որ «իշխանական բուրգից հաջողվել է պոկել ևս մեկ բեկոր»:

Չնայած, լուրը ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմադիր դաշտի կողմից, առաջին նախագահը պնդում է, որ տվյալ քայլը կարևոր հարված է բռնապետական ռեժիմին: «Արդյո՞ք լավ չէ, որ պարոն Վեյդերը կանգնած է ժողովրդի կողքին: Արդյո՞ք մեր ջղագրգիռ գործընկերները կնախընտրեին, որ նա մնար ռեժիմի կողքին` շարունակելով աջակցել այս բռնապետական բուրգին,» — նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դարթ Կոստյայի Վեյդերը համարվում է իշխանության բուրգի առանցքային մասերից մեկը, որը վերջին քսան տարում դարձել է գալակտիկայի ամենահզոր գործիչներից մեկը: Նրան են պատկանում մի շարք խոշորագույն գործարաններ, երեք հեռավոր գալակտիկա և Արագածոտն մարզը: Անանուն և մականունավոր աղբյուրների համաձայն` Վեյդերի բիզնեսներից չեն գանձվում հարկեր:

Վերջին շրջանում Վեյդերը ցուցաբերում է իշխանական հավակնություններ, ինչը հանգեցրել է ներիշխանական հակամարտության: Սակայն որոշ ընդդիմադիրներ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական համաձայնագիր» դաշինքը գտնում է, որ Վեյդերը չափազանց սերտ կապված է մութ ուժերի հետ և դատապարտում է այդ կառույցի հետ համագործակցությունը:

«Պարոն Վեյդերը մեզ կօգնի պայքարել այս խավարի և չարիքի իշխանության դեմ», - հիմնադիր նախագահ:
«Պարոն Վեյդերը մեզ կօգնի պայքարել խավարի և չարիքի դեմ», — հիմնադիր նախագահ:

Իշխանությունները վստահեցնում են, որ որևէ խնդիր չեն տեսնում Վեյդերի «Մթնշաղ Հայաստան» կուսակցության հավակնությունների մեջ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն ներկայացրել է ռեժիմի դիրքորոշումը. «Ինչ ուզում են անեն, ով ուզում է լինի, ինչքան ուզում է ձայն հավաքեն հաջորդ ընտրություններին, միևնույնն է` դեպի իշխանություն ճանապարհը ընկած է լինելու Մելիք- Ադամյան լուսավորյալ փողոցով»:

ՀԱԿ հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը հերքում է վեյդերի կապը ռեժիմի հետ: «Եթե մարդը որոշել է պոկվել այդ պիղծ ռեժիմից և միանալ համաժողովրդական շարժմանը, ապա ի՞նչն է դրդում որոշ ուժերի դրան դիմադրել: Քաղաքականության մեջ չկան բարի և չար կատեգորիաները: Մենք չենք կարող Մարսից հրեշտակներ ներմուծել մեր քաղաքական դաշտ: Դրա համար էլ ստիպված ենք աշխատել նրա հետ, ինչ ունենք», — նշել է Զուրաբյանը:

Վեյդերի աջակիցներից մեկը` նախկին միջգալակտիկյան հարաբերությունների նախարարը, բացատրում է մութ ուժերի ցանկությունը. «Հասկանում եմ, որ պարոն Վեյդերը ասոցացվում է բացարձակ չարիքի հետ, և գուցե դա արդարացված է, բայց եկեք մի փոքր ողջամիտ լինենք էլի` մեզ պետք են հակակշիռներ այս երկրում: Հայաստանի ամենամեծ խնդիրը քաղաքական մենաշնորհն է, որը պատկանում է ներկայիս իշխանությանը: Չեմ ասում` Դարթ Վեյդերը սուրբ է, բայց նա կարող է լինել լուրջ հակակշիռ այս իշխանությանը»:

4 Comments

  1. Hovsep Shirinyan via Facebook Hovsep Shirinyan via Facebook Հոկտեմբերի 21, 2014

    да пребудет с нами сила!!!!

  2. Anahit Navoyan via Facebook Հոկտեմբերի 21, 2014

    Այս մարդը իսկակն դեմք չունի????????????????????????????????/

Մեկնաբանությունները փակ են.