Առաջին ռազմահայրենասիրականի` կառավարությանը անհարմար աստճանի մոտ կանգնած աղբյուրը երեկ հաստատեց, որ արդեն շուրջ 10 տարի է` երկրի օրենքները ստեղծվում են պատահական բառերի գեներատորի օգնությամբ: Գեներատորը իրենից ներկայացնում է համակարգչային ծրագիր, որն առաջին անգամ կիրառվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք: Ծրագիրը պատահական սկզբունքով բառարանից ընտրում է 3 բառ, ինչից հետո պաշտոնյաները, հիմք ընդունելով այդ բառերը, ստեղծում են օրենքներ: Ծրագիրն առաջին անգամ օգտագործվեց 2008թ.-ին և համակարգչի էկրան բերեց ՊԱՐԿ, ՀԱՄԱԿԱՐԳԻՉ և ԳՅՈՒՄՐԻ բառերը. 1 օր անց ծնվեց Գյումրի քաղաքում տեխնոպարկ կառուցելու նախագիծը:
Կառավարության գրեթե քթի տակ տեղակայված աղբյուրի պնդմամբ ծրագիրն անմաս չի եղել մի շարք այլ բարեփխումներից` ԿԱՐՄԻՐ + ԳԻԾ + ՀԵՏՈՒՅՔ բառերի պատահական համադրությունը օրեր անց դարձավ Երևանում տրանսպորտային միջոցների կայանման մասին օրենքի հիմք: «Ես հիմա շատ մեծ ռիսկի եմ դիմում անգամ ձեզ հետ խոսելով, բայց կարծում եմ` պետք է սրա մասին մեկը խոսի: Ամեն անգամ, երբ չգիտեն ինչ անեն, միացնում են էդ անտեր ծրագիրը, ու հետևանքները անկանխատեսելի են: Ինչ բառ ասես կարող է էկրանին հայտնվի, իսկ հետո մենք էդ ամենը մեր սեփական մաշկի վրա պետք է զգանք», — պատմեց կառավարությունից ընդամենը միլիմետրերով բաժանված աղբյուրը: Նրա պնդմամբ` գործելաոճը սկսել են ընդօրինակել առանձին պետական մարմինները: «ԿԱՆԱՉ + ԹԻԹԵՌ + ԳՈՁԻԼԼԱ բառերը ձեզ ոչ մի բան չեն հիշեցնու՞մ», — հետաքրքրվեց կառավարությունից ընդամենը կես րոպե հեռավորության վրա տեղակայված աղբյուրը:
Կառավարությունից այս պահի դրությամբ ոչ հերքել, ոչ հաստատել են պատահական բառեր գեներացնող ծրագրի մասին լուրը և հորդորել են մեր աղբյուրին մի փոքր ավելի հեռու կանգնել:
Գեներատորի անունը կարո՞ղ ա Galust pro ա: