Press "Enter" to skip to content

Մշակույթի նախարարությունը սպառնում է միջամտել Էրեբունի-Երևան տոնին

«Մենք էլ դա չենք ուզում, հո դուշմա՞ն չենք»
«Մենք էլ դա չենք ուզում, հո դուշմա՞ն չենք»

Մշակույթի նախարարությունը, տեղեկանալով Էրեբունի-Երևան տոնի հետ կապված դժգոհություններին, իր օգնությունն է առաջարկել Երևանի քաղաքապետարանին։ Այս փաստը աննախադեպ խուճապ է առաջացրել երևանցիների շրջանում։ 32-ամյա Վիլենը նշում է. «Հա, ես էլ էի դժգոհ, որ էս տարի էլ քաղաքապետարանը ոչ մի առանձնահատուկ բան չի պատրաստել տոնի համար, էլ չեմ ասում լոգոն, բայց դե մշակնախի պահը պերեբոռ ա էլի։ Քաղաքապետարանի ցավը տանեմ»։

Քաղաքապետարանի` տոնախմբությունների բաժնի պետ Գագիկ Տժունցը նշեց, որ Մշակնախի միջամտության հարցը դեռ քննարկվում է. «Մենք մեր ժողովրդի թշնամին չենք և ինքներս չենք ուզում գնալ այդ քայլին: Դա կլինի ծայրահեղ միջոց: Հուսամ դժգոհողները կհասկանան, որ անհամ համերգներից ու ոչ այնքան հաջող լոգոյից ավելի վատ բան էլ կարա լինի, և մեզ չեն դրդի ամատական քայլերի»:

Մշակույթի նախարարության միջամտությունը առաջացրել է նաև ընդդիմության դժգոհությունը: Մասնավորապես` եռյակը արտահերթ ասուլիս է հրավիրել: «Մենք այսօր պլանավորել էինք հերթական մարզային հանրահավաքը կազմակերպել, բայց երբ իմացանք սրա մասին, հետաձգեցինք այն»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը: «Սա մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարում է, կարելի է ասել հանցագործություն: Նույնիսկ կուտակայինի մասին օրենքը այդքան վտանգ չուներ իր մեջ»,- նշել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը և հավելեց, որ մոտ օրերին եռյակը 14-15 պահանջ կներկայացնի իշխանությանը` սպառնալիքը կասեցնելու նպատակով:

Մշակնախի միջամտության սպառնալիքի մասին լուրը դուրս է եկել նաև ՀՀ սահմաններից. Եվրախորհրդարանի` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դեմ պայքարի բաժնի ղեկավար Անդերս Լիբշտանիսը զգուշացրել է, որ մշակնախի միջամտության դեպքում ստիպված կլինեն Հայաստանը դուրս թողնել Եվրախորհուրդից: «Մենք իհարկե չենք ուզում դա անել, բայց նաև չենք կարող անտեսել եվրոպական արժեքները, որոնք չեն հանդուրժում Մշակույթի նախարարության միջամտելու հնարավոր  վտանգը»:

Մեզ հաջողվեց զրուցել նաև Մշակնախի ներկայացուցչի հետ. «Մենք միջամտում ենք միայն ֆորսմաժորային իրավիճակներում, երբ վտանգի տակ է մշակութային ինչ-որ երևույթ ու պետք ա թուլացնել լարվածությունը նախորդ վտանգի հանդեպ` առաջացնելով նորը…Հա, մի քիչ խառը ստացվեց ասելիքս… Բայց առայժմ սա միայն զգուշացում է, սակայն եթե դժգոհողների թիվը ավելանա, մենք կանենք դա: Ներող կլնեք»:

Ի ուրախություն երևանցիների` քաղաքապետարանից դժգոհողների թիվը կտրուկ անկում է ապրել: Ահարոն Ադիբունցի հետազոտությունները ցույց են տվել, որ Մշակնախի սպառնալիքից առաջ բողոքում էր երևանցիների 74,8%-ը, իսկ հիմա այդ թիվը հասել է 12,2%-ի: «Այդ 12 տոկոսը ուղղակի դեռ տեղյակ չի Մշակնախի սպառնալիքի մասին»,-շտապել է հանգստացնել Ադիբունցը: