«ՀայԷքսպորտ» բանկը այսօր ներկայացրեց իր նոր վարկային փաթեթը` վարկ արտագաղթային: Տարեկան 35% տոկոսադրույքով բանկը հատկացնում է մինչև 8 մլն դրամ վարկեր ինչպես անհատներին, այնպես էլ ընտանիքներին: «Վարկի գաղափարը թելադրեց շուկան, արտագաղթել ցանկացողների թիվն աճել է դրա համար, բանկի կողմից հիմարություն կլիներ չփորձել այս գործընթացի վրա մի երկու կոպեկ աշխատել», — կիսվեց վարկային բաժնի պետ Սուրեն Տեր-Տոկոսյանը: Վարկային փաթեթը ներառում է 3 տեսակի առաջարկ. Premium (4-8 մլն դրամ ԱՄՆ կամ Կանադա արտագաղթողների համար), Gold (2-4 մլն դրամ Շենգել* դասավորած քաղաքացիների համար) և Tooft (500 000-1 մլն. դրամ բոլոր հնարավոր երկրներից մերժում ստացած և/կամ Ռուսաստան մեկնողների համար):
«Մենք լիովին գիտակցում ենք, որ արտագաղթը շատ ցավալի երևույթ է, բայց պետք է դուք էլ ըմբռնումով մոտենաք. գումար աշխատելու գայթակղությանը շատ դժվար է դիմադրել: Սկզբում մենք երկու ռազմավարության վրա էինք աշխատում` իջեցնել բանկի արդեն տրամադրած վարկերի տոկոսադրույքները և մի փոքր թեթևացնել քաղաքացիների հոգսը կամ կտրուկ բարձրացնել տոկոսադրույքը և դրանով օգնել քաղաքացուն արագ կողմնորոշվել «գնալ թե՞ մնալ» երկընտրանքում: Երկար մտածելուց հետո որոշեցինք հօգուտ քաղաքացու և ազատեցինք նրան բարդ երկընտրանքից», — բացատրեց Տեր-Տոկոսյանը: Նրա խոսքով` բանկը կարողացավ մի քանի ներքին խնդիրներ էլ լուծել այդ որոշման շնորհիվ. «Շուտով էլ կարիք չի լինի մարզերում շատ մասնաճյուղեր բացել, որովհետև… դե հասկացաք էլի»:
Ապագայում բանկը նախատեսում է բարձրացնել փոխանցումների համար գանձվող միջնորդավճարը: «Տեսեք` շատ-շատերը հիմա ապրում են իրենց արտերկրի բարեկամների կողմից ուղարկած գումարներով: Մենք մտածեցինք, որ եթե միջնորդավճարը աննորմալ բարձր լինի, փոխանցումները կնվազեն, և այստեղ ապրող մարդիկ ստիպված կլինեն արտագաղթել: Եվ ո՞ր բանկ պետք է գնան արտագաղթելու վարկ ստանալու համար: Ճի՛շտա`«ՀայԷքսպորտ»: Այսպիսով մենք բացառիկ և հեղափոխական փակ շղթա ենք ստանում»:
Այսքանով բանկի անակնկալները չեն ավարտվում. Վարկ արտագաղթային ծառայությունը հասանելի կլինի արդեն հոկտեմբերի 1-ից` այսինքն հնարավորություն կտա քաղաքացիներին հեռանալ ճիշտ ջեռուցման սեզոնից առաջ: