Press "Enter" to skip to content

Արամ Խաչատրյան համերգասրահում կտեղակայվեն տանկային զորքեր

Համերգասրահի նոր տեսքը
Համերգասրահի նոր տեսքը

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահի` մամուլի հետ կապերի պատասխանատու Եվգենիյ Հարմոնյանցը հայտնեց, որ համերգասրահում տեղակայվել են տանկային զորքեր: «Այսօրվանից համերգասրահը պաշտոնապես ստացավ զորամասի կարգավիճակ, և մենք ստիպված կլինենք հանդես գալ համազգեստով: Բացի դրանից աշխատանքը սկսվելու է առավոտյան 6-ին` վերկացով և ֆիզոյով»:

Պաշտպանության նախարարությունից մեզ ասացին, որ սա անհրաժեշտ բարեփոխում է, որն առաջին հերթին միտված է ռազմահայրենասիրական դաստիրակության խթանմանը երաժիշտների շրջանում. «Համ էլ դե Համալիրը զորամասի կարգավիճակ ստացավ, Արամ Խաչատրյան համերգասրահը ինչո՞վ ա պակաս որ»:

Համերգասրահում տեղադրվել է 2 տանկ` բեմի վրա և հանդերձարանում: Բեմի վրայի տանկը առաջացրել է ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարի վրդովմունքը. «Փորձ անել չի լինում, հենց քթիս տակ ա: Ձեռքս մի քիչ շարժում եմ` կպնում ա տանկի էն երկար բանին… դե էն որ կրակում ա»:
Այդուհանդերձ նվագախմբի մեծ մասը գոհ է բարեփոխումից: Գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշում է. «Նախ բոլոր երաժիշտները օրը 3 անգամ անվճար սնվում են, ինչը առաջ հնարավոր չէր մեր աշխատավարձի պայմաններում: Բացի այդ բարձրանում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են թաղի տղերքի ոտնձգությունները ջութակահարների նկատմամբ»:

Համերգասրահում ծառայող զինվորները իրենց հերթին շատ ուրախ են այս միացման համար: Կրտսեր սերժանտ Աշոտը նշում է, որ մի քանի օրվա ընթացքում արդեն հասցրել է մի քանի պարտիտուրա սովորել ու ֆլեյտայով բզբզալ:

Համերգասրահը շուտով կընդունի նաև նորակոչիկներին: Շրջանառվող լուրերի համաձայն` որոշ ծնողներ փորձում են ծանոթներ գտնել ՊՆ-ում կամ գոնե Ֆիլհարմոնիկում` իրենց երեխաներին մոտիկ տեղ դասավորելու համար, սակայն ՊՆ-ից նշեցին, որ ծանոթ-բարեկամ չի անցնելու:

Բարեփոխման բացասական կողմերից է Օպերայի շրջակայքում ապրողների բողոքը` կապված աղմուկի հետ: 74-ամյա Կառլեն պապին մեզ հետ զրույցում նշեց. «Ճաշարան գնալուց որ երգում են, էդ հլը ոչինչ, բայց որ սկսում են տանկերից կրակել, վեր եմ թռնում, դե մեծ մարդ եմ»:Բացի բնակիչների բողոքից ևս մեկ բացասական կողմ է բացահայտվել. հարցականի տակ է Մաքսիմ Գալկինի կայանալիք համերգը: Ալլա Պուգաչովայի գրասենյակից մեզ հայտնեցին, որ Մաքսիմը դեռ կամուկացի մեջ է. «Դեռ պարզ չէ` որքանով նրա կատակները և նմանակումները հասկանալի ու ամենակարևորը` լսելի կլինեն հրետանային կրակի և շարայինով քայլող զինվորների պայմաններում»:

2 Comments

  1. Vachik Vachik Սեպտեմբերի 26, 2014

    Ոչ թե բասական, այլ բացասական: Խնդրում եմ ողղել սխալը:

  2. stiop stiop Սեպտեմբերի 27, 2014

    ողղել

Մեկնաբանությունները փակ են.