Press "Enter" to skip to content

ՀՀ սահմանամերձ գյուղերը երեք տարով կազատվեն Ալեքսանդր Սարգսյանի հարկից

«Որովհետև ես սիրում եմ իմ երկրրը...», - Ա. Սարգսյան
«Որովհետև ես սիրում եմ իմ երկրրը…», — Ա. Սարգսյան

ԵՐԵՎԱՆԱլեքսանդր Սարգսյանի պաշտոնական գրասենյակը երեքշաբթի տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «հաշվի առնելով լարված սահմանային վիճակը և սահմանամերձ գյուղերին աջակցելու առաջնահերթությունը, պրն. Սարգսյանը պատրաստ է երեք տարի չյուրացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների ապրելու միջոցների 50%-ը»:

Հայաստանի կառավարությունը ողջունել է բարերարի քայլը և վստահություն հայտնել, որ նման նախաձեռնությունը զարկ կտա սահմանամերձ գյուղերի զարգացմանը: «Մենք ողջունում ենք պարոն Սարգսյանի հայրենասիրական նախաձեռնությունը: Հենց այսպես է կառուցվում պետություն, կայանում պետական մտածելակերպ և վարքագիծ», — նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  

Գյուղացիները ևս ողջունել են Սարգսյանի նախաձեռնությունը և  հույս հայտնել, որ ալեքսանդրյան հարկի կասեցումը կերկարաձգվի երեք տարուց ավել: Բերքաբերի բնակիչ Արամ Հացթուխյանը նշեց. «Անչափ շնորհակալ ենք մեր բարերար և մեծ հայ Ալեքսանդր Սարգսյանից այս դժվար պայմաններում մեզ ձեռք մեկնելու համար: Չնայած մենք պայքարող ժողովուրդ ենք և մեզ դժվար չէր մեր ունեցվածքի 50%-ը հատկացնել պարոն Սարգսյանին, սակայն միևնույնն է` շատ խորհրդանշական և կարևոր որոշում էր»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մատաղ սերունդը, վաղվա քաղաքացները լինեն գիտակից և հայրենասեր», - Ա. Սարգսյանի բարեգործական հիմնադրամի խոսնակ
«Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են և մեր ուրախությունը: Մենք պետք է ջանք չխնայենք, որ նրանք լինեն երջանիկ և հայրենասեր», — Ա. Սարգսյանի բարեգործական հիմնադրամի տնօրեն

Միաժամանակ «Ալեքսանդր Սարգսյան» գրասենյակը հրապարակել է մի շարք միջոցառումներ` ուղղված տնտեսական վիճակի բարելավմանը: Ըստ գրասենյակի` 2015 թ.-ից ամոբղջ երկրի տարածքում իջեցվելու է իր փայ մտնելու տոկոսը մինչև 45%` «հաշվի առնելով տնտեսական խնդիրները և փոքր ու միջին բիզնեսի խթանման կարևորությունը»:

Եվրամիությունը արդեն դրական է արձագանքել քայլին և խրախուսել շարունակել քայլերն այդ ուղղությամբ: «Հայաստանը կատարել է ևս մեկ քայլ դեպի եվրոպական արժեհամակարգ, դեպի եվրոպական ընտանիք», — հայտարարել է ԵՄ բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Մենք ողջունում ենք պարոն Սարգսյանի պետականամետ քայլը և վստահ ենք, որ դա կամրապնդի Հայաստան-ԵՄ-Ալեքսանդր եռակողմ համագործակցությունը տնտեսական և քաղաքական ոլորտներում»:

Իշխանությունը պնդում է, որ հարկի իջեցումը նաև իր ճնշման և բանակցությունների արդյունքն է: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն պարզաբանեց. «Սա աննախադեպ քայլ է, որը մենք արել ենք Հայաստանում փոքր, միջին, մեծ, շատ փոքր, ծայրահեղ փոքր և ցանկացած այլ չափերի բիզնեսը խթանելու համար: Մենք ողջունում ենք Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակի այս կարևոր քայլը և կարծում ենք սա նոր հորիզոններ է բացում Հայաստան-Ալեքսանդր համագործակցության համար», — նշեց Շարմազենկոն:

«Մենք ողջունում ենք այս ժողովրդավարության ամրապնդմանը ուղղված քայլը», - Ք. Էշթոն
«Մենք ողջունում ենք այս ժողովրդավարության ամրապնդմանը ուղղված քայլը», — Ք. Էշթոն

Բացի դրանից, «Ալեքսանդր Սարգսյան» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել լրացուցիչ նախաձեռնությամբ: Փոքր բիզնեսից փայ մտած գումարների 5%-ը այսուհետ կուղղվի բարեգործական նպատակների: Ավելի հստակ` այդ գումարը կհատկացվի «Ալեքսանդր Սարգսյանը հանուն որբ մանուկների» հիմնադրամին, որը երկար տարիներ պայքարում է երեխաների շրջանում ծխելու դեմ (հիմնադրամը մանուկներից խլում է ծխախոտը):

Բարեփոխումներին ստիպված են եղել արձագանքել նաև ընդդիմադիր ուժերը: ՀԱԿ հիմնադիր համակարգող Լևոն Զուրաբյանը բացատրել է բարեփոխումը իշխանության խուճապի մեջ լինելու հանգամանքով: «Տոտալ խուճապի մեջ է ռեժիմը և.. ուստի, ստիպված է գնալ զիջումների: Քայլը ինքնին դրական է, սակայն ցանկալի է, որ հանրապետության ամբողջ տարածքում ալեքսանդրյան հարկը չգերազանցեր 25%-ը: Հենց այդպեք կլինի, երբ վերականգնվի սահմանադրական կարգը», — նշել է Զուրաբյանը:

Մեկ մեկնաբանություն

  1. Haik Torosyan via Facebook Haik Torosyan via Facebook Սեպտեմբերի 23, 2014

    😀

Մեկնաբանությունները փակ են.