Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլմիռ Հակոբյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքապետարանը բացել է դիմում-բողոքների ընդունման գրասենյակ։
«Վերջերս տեղեկացանք, որ երևանցիների մի մասը դժգոհ է մեր աշխատանքից, ինչպես օրինակ նույն փողոցների բազմաասֆալտապատումից կամ Հյուսիսայինի շինարարության թվացյալ անվերջությունից։ Հատուկ այդ բողոքների համար էլ մենք բացել ենք գրասենյակը, որ մարդիկ հնարավորություն ունենան արտահայտվելու` ի նպաստ մեր քաղաքի»։
Գրասենյակը սկսել է գործել սեպտեմբերի սկզբից: Այն կահավորված է և հագեցած է նորագույն տեխնիկայով, համակարգչային և ծրագրային նորագույն տեսակներով: Առավել մատչելիության համար գրասենյակը կառուցել են առավել մարդաշատ և հեշտ հասանելի թաղամասերից մեկում` Մեղրիի «Շուստրիկ» վարչական շրջանում:
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ գրասենյակի աշխարհագրական դիրքը լրացուցիչ անհարմարություններ կարող է ստեղծել, սակայն մենք դա էլ ենք հաշվի առել ու գրասենյակը կառուցել ենք Մեղրիի ամենակենտրոնական հատվածում, որտեղ Մեղրիի ցանկացած ծայրամասից կարելի է հինգ րոպեում հասնել ոտքով: Սա կօգնի առանց բարդությունների գտնել այն նույնիսկ քաղաքին անծանոթ մարդկանց»։
Գրասենյակի աշխատանքները կարգավորելու է Դանիայից հատուկ ժամանած փորձագետների խումբը։ Փարձագետները օրը 24 ժամ ընդունելու են Երևանցիներին, և, ըստ Հակոբյանի, ոչ մի դիմում անտեսված չի մնա։ Դանիացի մասնագետները մանրամասն կծանոթանան յուրաքանչյուր դիմումին, իսկ արդեն 2017-ից կսկսեն հասկանալ բովանդակությունը հայերեն լեզվով:
«Դեռևս կան խնդիրներ, օրինակ ինտերնետ չունենք, բայց դրանք լուծվող հարցեր են։ Կարևորն այն է, որ գրասենյակի շնորհիվ քաղաքապետարանը ավելի քան երբևէ մոտ կլինի երևանցուն ու նրա խնդիրներին»,- նշեց Հակոբյանը։
Երևանի բնակիչ, 52-ամյա ինժեներ Դավիթ Ջաջուռյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձել է կապ հաստատել գրասենյակի հետ։ «Հեռախոսը վերցրեց մի դանիացի, ով իմ բոլոր հարցերին պատասխանում էր «ձեր զանգ լինել շատ կարևոր մեզ համար»»,- պատմում է փոքր-ինչ վրդովված քաղաքացին։
Էլմիռ Հակոբյանն իր հերթին նշեց, որ տեղյակ է խնդրին. «Այո, մեր մասնագետները դեռևս չեն յուրացրել հայերենը, ինչը, սակայն, չի կարելի մատի փաթաթան սարքել։ Կարևորը արդյունքն է և առաջընթացը` կա գրասենյակ»։
Երևանի մեկ այլ քաղաքացի` 64-ամյա տիկին Ալլան պատմեց, որ 4 ժամից ավել թակել է գրասենյակի դուռը, սակայն բացող այդպես էլ չի եղել։ Սրան ի պատասխան` Էլմիռ Հակոբյանն արձագանքեց. «Երևի ընդմիջման ժամին եք գնացել։ Բնական է, որ բացող չկար։ Եւ ընդհանրապես` պետք չէ միանգամից քննադատել, գրասենյակը նոր է, մանր խնդիրներ միշտ էլ լինում են։ Չմոռանանք, որ սա նաև մարդասիրական ծրագիր է, և գրասենյակի աշխատողները Դանիայից ժամանած խուլ ուսանողներ են. պետք է տոլերանտ գտնվել ու հարգել դիմացինին»։
Քաղաքապետարանում նաև խոստացան, որ եթե գրասենյակի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանա, կբացեն նաև երկրորդը` երկարատև հերթերից խուսափելու համար։ Երկրորդ գրասենյակի բացումը, որը կլինի գարնանը, ի սկզբանե պլանավորվում էր Կուտաիսիյում, բայց հաշվի առնելով այդ քաղաքի անհեթեթ հեռավորությունը Երևանից, այն կբացվի Կապանում կամ Նոյեմբերյանում։
Այս ամենի մեջ ամենաշատը զարմացրեց Էլմիռ Հակոբյանի բառապաշարում տեղ գտած «տոլերանտ» բառը..
es el боц, !!! тонкий юмор, браво