Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն խոստանում է ավելի ցիվիլ արհամարհել ընդդիմության կարծիքը ԱԺ-ում

«Փուչիկն ընկավ սեղնաի տակ, մի օր, մի օր.. կներեք, հարցը որն էր?»
«Փուչիկն ընկավ սեղնաի տակ, մի օր, մի օր.. կներեք, հարցը որն էր?»

ԵՐԵՎԱՆՆոր նստաշրջանի կապակցությամբ ՀՀԿ խոսնակը ներկայացրել է իշխանության նոր` «մարդամոտ» աշխատանքի գաղափարը: «Դա լինելու է հեղափոխական նոր մոտեցում, որի նպատակն է սերտացնել հարաբերությունները ընդդիմության հետ,» — անանուն աղբյուրի հետ մտերմիկ զրույցում նշել է Էդուարդ Շարմազենկոն:

Նոր մոտեցմանը անդրադարձել է նաև ՀՀԿ համանախագահ, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը. «Մենք բոլորովին չենք գործել այն ճանապարհով, որ.. այո կան մարդիկ և կան իրողություններ և, ինչու ոչ, գործառույթներ, մեր գործընկերների համար»:

ԱԺ խոսնակի խոսքերը պարզաբանեց արագ մոտեցած ՀՀԿ խոսնակը. «Պարոն Սահակյանը փորձում է ասել, որ մենք պատրաստ ենք ավելի շատ լսել մեր ընդդիմադիր գործընկերներին ԱԺ-ում, չկոպտենք իրենց ամեն հարցում և ընդհանուր առմամբ անտեսենք իրենց տեսակետը առավել ցիվիլ եղանակով»:

Իշխանական այլ աղբյուրներից արդեն հայտնի է դարձել, որ ընդդիմության հանդեպ լինելու է ընդգված բարի վերաբերմունք: Ամեն անգամ որևէ ընդդիմադիր նախագիծ մերժելուց առավել մեղմ ու ոգևորիչ խոսքեր կընտրվեն, ինչպես նաև այդ օրը բուֆետում կտրվի 20% զեղչ քաղցրեղենի համար:

Ընդդիմությունը մասամբ ոգևորված է ընդունել իշխանության նորարարությունը: ՀԱԿ քարտուղար Լևոն Զուրաբյանը կիսվել է իր վերապահումներով. «Առաջընթաց իհարկե կա. եթե առաջ մեր ցանկացած նախաձեռնությանը անմիջապես պատասխանում էին «Հաջողություն ձեզ», ապա հիմա արդեն սկսում են մեղմ ժպտալ, լսել մեր առաջարկությունը և միայն հետո են ասում` «Հաջողություն ձեզ»»:

«Մենք ոչ մի բան չենք խոստանում, բայց բյուջեում կան ավելորդ փողեր, իսկ փողոցներում` անտուն թռչուններ», - քաղաքապետարան
«Մենք ոչ մի բան չենք խոստանում, բայց բյուջեում կան ավելորդ փողեր, իսկ փողոցներում` անտուն թռչուններ», — քաղաքապետարան

Վերլուծաբանները վստահ են, որ նոր գործելաոճը կապված է նոր վարչապետի մոտեցման հետ: «Դա միայն ընդդիմության հարցում չէ լինելու: Բոլոր հարցերում: Կոռուպցիան և փողերի լվացումը ևս ավելի հաճելի և ցիվիլ տեսք են ստանալու,» — վստահեցնում է քաղաքագետ Անաստաս Շպունցը:

«Կլինեն բազմաթիվ հաճելի անակնկալներ` արագաչափի տուգանքի թերթիկի ներքևում կլինեն սմայլիկներ, ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կաշառք վերցնելուց հետո հարազատ եղբոր նման կգրկի վարորդին, կմաղթի բարի ճանապարհ և որոշ դեպքերում նաև կտրամադրի ձմերուկի համով մաստակ»:

Անանուն աղբյուրներն արդեն կոչ են անում երևանցիներին մոռանալ ասֆալտապատման տանջալից գործընթացը, քանի որ այսուհետ փողերի լվաքցը ևս կիրականացվի ավելի ցիվիլ եղանակով: «Հաջորդ տարվանից քաղաքապետարանը պատրաստելու է 73 հազար թռչնաբույն /սկվորեչնիկ/ Երևանի անտուն թռչունների համար»,- նշում է անանուն աղբյուրը:

Քաղաքապետարանից սույն լուրը ոչ հերքում ոչ հաստատում են. «Այո, կա խնդիր, կան անօթևան թռչուններ և կա վճռականություն խնդիրը լուծելու: Հա, կա նաև մեծ ֆինանսական ռեսուրս այդ խնդիրը լուծելու: Բայց ավելին այս պահին ասել չեմ կարող», — արձագանքել է քաղաքապետարանի ֆինանսական պլանավորման բաժնի ղեկավարի առաջին օգնականի ենթաներկայացուցչի մամուլի խոսնակը:

9 Comments

  1. Aram Hovhannisyan via Facebook Aram Hovhannisyan via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    առհամարել? Ուղղեք քանի շատ մարդ չի տեսել 🙂

  2. Tamara Khoyetsyan via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    ավելի տրամաբանական կլիներ, որ ցիվիլ ձևով հարգեին սեփական ժողովրդին և ցիվիլ ձևով էլ կառավարեին կամ ցիվիլ ձևով հեռանային …

  3. Haik Torosyan via Facebook Haik Torosyan via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    Կարմիր գալուստը կաշին չի փոխում

  4. Hripsime S Hovakimyan via Facebook Hripsime S Hovakimyan via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    ուղղեք խնդրեմ տառասխալը — արհամարհել

  5. Mad Hab via Facebook Mad Hab via Facebook Սեպտեմբերի 16, 2014

    աՐհամարել

Մեկնաբանությունները փակ են.