Press "Enter" to skip to content

Հսկա աչքուլունքին չի հաջողվում կանխել ավտովթար Մաշտոցի պողոտայում

Աչքուլունքի արտադրողները «աննախադեպ» են անվանում ձախողումը
Աչքուլունքի արտադրողները պդնում են, որ մեքենան նախապես  նավսված էր

ԵՐԵՎԱՆ — Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունը հաստատել է երկուշաբթի տարածված սկանդալային լուրը այն մասին, որ 1978 թ.-ի Lada-06 մակնիշի տաքսին բախվել է Մաշտոցի պողոտայում անսպասելիորեն աճող ծառին` չնայած այն բանի, որ մեքենայի մեջ առկա էր խոշոր չափերի հասնող աչքուլունք: Հատուկ քննչական ծառայությունը արդեն հետաքննում է աչքուլունքի ձախողման հանգամանքները և փնտրում է այն պատրաստողին:

«Սա առաջին դեպքը չէ, որ աչքուլունքով ապահովված մեքենան ընկնում է ավտովթարի մեջ», — նշում է քննիչ Զավեն Զաչոտյանը: «Ավելին` մի քանի վթար գրանցվել է նույնիսկ սրբապատկերներ ունեցող մեքենաներում, ինչը չի կարող չանհանգստացնել մեզ: Ինչպես գիտեք մեր երթևեկության անվտանգության հիմքը 97%-ով կազմում են մեքենաներում կախված աչքուլունքները, և նման վթարները կարող են խարխլել ամբողջ երթևեկության անվտանգության փխրուն համակարգը»:

Բազմաթիվ կոտրվածքներ ստացած և տոտալ մանթրաշ վերապրած վարորդը հաղորդում է Էրեբունի բժշկական կենտրոնից, որ չի հասկանում թե ինչպես վթարը կարող էր տեղի ունենալ:

«Նոր աչքուլունք էր.. ու թանկ.. մի քանի օր առաջ էի առել վերնիսաժից: Եթե մարդ չի կարող հույս դնել հին ու բարի աչքուլունքի վրա, ապա էլ ինչպե՞ս կարելի է կանխել նման դեպքերը: Պրիմիտիվ ամրագոտիո՞վ:»

Վթարի պահին մեքենայի մեջ էր նաև ուղևոր Անդրանիկը, 43 տարեկան, ով փորձում էր պարզել, թե ինչու է տաքսիստը քշում Մաշտոցով 80 կմ/ժ արագությամբ, ինչին ի պատասխան վարորդը մատնանշեց աչքուլունքը: «Նա պդնում էր, որ աչքուլունքի հետ իրենց ոչ մի բան չի սպառնում` ոչ ոստիկաններ, ոչ տուգանք, ոչ էլ ավտովթար: Ի դեպ, հետաքրքիր է, որ հենց վերջին բառը նա արտասանեց արդեն բախումից հետո` դիմապակու մյուս կողմից:»

Մինչ քննությունը շարունակվում է, վարորդների ասոցիացիայի նախագահը խոստովանում է, որ վերջին շրջանում աչքուլունքի արդյունավետությունը զգալիորեն նվազել է:  Նա նշեց, որ դա կարող է կապված լինել աչքուլունքի “սնոտիապաշտական” բնույթի հետ և կոչ արեց հիմնական շեշտը դնել կրոնական թալիսմանների վրա:

3 Comments

  1. Blognews.am Blognews.am Սեպտեմբերի 2, 2013

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Մեկնաբանությունները փակ են.