Press "Enter" to skip to content

Գիտնականները բացահայտեցին МОNКА-ների գաղտնիքը

МОNКА 250մ

Հայ գիտնականները այսօր լրագրողներին ներկայացրեցին շուրջ 3 տարի տևած հետազոտության վերջնական արդյունքները: Համաձայն հետազոտության ռուսերեն «И» տառը ճիշտ գրել այդպես էլ չսովորած երիտասարդների 97% մեծանալուն պես անպայման բացում են ավտոլվացման կետ:
«Ի՞նչն է նրանց դրդում դեպի ավտոլվացման բիզնեսը, ի՞նչ կլիներ եթե նրանք ճիշտ չկարողանային գրել «Щ» կամ «Ё» տառերը` այս ամենի պատասխանը մենք դեռ չունենք: Այս փուլում մեզ հաջողվեց հաստատել օրինաչափությունը, սակայն մենք դեռ ի վիճակի չենք բացատրել դրա պատճառները: Կարծում եմ ևս 5-6 տարի հետազոտությունն ու դրամաշնորհներհը կօգնեն լույս սփռել այս ֆենոմենի վրա», — հայտարարեց հոգեբանության դոկտոր Բաբկեն Սինանյանը:

Կարենչիկը խոստանում է ծնողների ավտոմեքենան անվճար լվանալ

Հետազոտության շնորհիվ հնարավոր է դառնում արդեն երկրորդ դասարանում հայտնաբերել այն երեխաներին, ովքեր այդպես էլ չեն սովորի գրել «И» ու հավերժ կգրեն «N»: Կառավարությունը խոստանում է այդ հատուկ տաղանդով օժտված երեխաների համար ստեղծել հատուկ կուրսեր, վաղ տարիքից ծանոթացնել մեքենաների լվացման առանձնահատկություններին և սարքավորումներին: Փորձագետները հավաստիացնում են, որ արդեն 2028թ. ոլորտում կնկատվի կտրուկ որակական աճ, իսկ ավտոմեքենա լվանալու տևողությունը 3 անգամ կկրճատվի: «Եթե այս ոլորտում էլ դարձանք տարածաշրջանային առաջատար, ստիպված պետք է նոր տարածաշրջան փնտրենք` ստեղ արդեն հետաքրքիր չի»,- ասաց կառավարության խոսնակ Ադամ Պարծյանցը:

Նյութը պատրաստելու ընթացքում փորձեցինք ավտոլվացման ոլորտում աշխատողներին ցույց տալ ճիշտ գրված  «И» տառը: «Հո դու աննորմալ չե՞ս: Ո՞նց կարա գծիկը ներքևից վերև գնա, ի՞նչ ա` ես «И» տառը գրել չգիտե՞մ: Ես 5 հատ սրանից լավ մոյկա Կուրսկում եմ ունեցել տղա ջան», — մեր լրագրողի հետ զրույցում ասած ավտոլվացման կետի տնօրեն Գարիկ Ներսովյանը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.