Press "Enter" to skip to content

Ձանձրալի քարոզարշավի հետևանքով 12 քաղաքացի հոսպիտալացվել է

Ձանձրալի գովազդը շնչառության խնդիրներ առաջացրեց

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը հիմնականում չարդարացրեց ընտրողների սպասելիքները, որոնք հույս ունեին լսել նախկինում չհնչեցված վիրավորանքներ, խտացրած թուք ու մուր կամ առնվազն ծանոթանային կուսակցությունների ծրագրերին: Տարբեր ծանրության աստիճանների ձաձրույթով Հայաստանում հոսպիտալացվել է 12 մարդ, որոնք պարտաճանաչ հեռուստատեսությամբ դիտում էին նախընտրական քարոզարշավը և այցելում էին հանրահավաքներ: ArmComedy-ի թղթակցին հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ:

«Կարող ա ամեն ինչ լավ չհիշեմ հիմա, – զգուշացնում է Վարդենիսի 42 տարեկան բնակիչ Արտյոմը։- Ես դիտում էի «Ժառանգության» քարոզարշավը, արդեն քարոզարշավի 7-րդ օրն էր… 7-րդ անգամ նրանք կրկնում էին նույն երգը ` Հախվերդյանի ու Փամբուկչյանի կատարմամբ: Լավ երգ ա, բան չունեմ ասելու, բայց ախր քանի անգամ կարելի ա, ուրիշ ասելիք չունե՞ն: Երրորդ դիտումից հետո արդեն զգում էի, որ սկսում եմ ձանձրանալ, ու մի օր այնքան ձանձրացա, որ աչքերս փակվեցին: Հետո արթնացա արդեն հիվանդանոցում` բժիշկը ասաց, որ երկու օր քնել էի»: Արտյոմի դեպքը անխուսափելի էր, քանի որ նշված երգից հետո «Ժառանգությունը» անցնում էր ոչ թե ծրագրային դրույթներին, այլ ցուցադրում էր ժողովրդական պար: «Ուզում էի կոնկրետ ծրագրերից լսել, բայց էլի այդ երգը, էլի այդ երգը…»,- հիշում է Արտյոմը:

Իսկ Աբովյանի 31-ամյա բնակիչ Վարդուհին այս տարի ցանկանում էր ընտրել ԲՀԿ-ին: «Դեռ թարմ կուսակցություն ա ու, ինչ թաքցնեմ, բարգավաճելը ինձ հեչ չէր խանգարի` վարկ ունենք փակելու, դրա համար ասեցի՝ գնամ, լսեմ ինչ են այդ մարդիկ ասում: Կուսակցության հանդիպումները միշտ բացում էին ինչ-որ մեկի կարծիքով սիրված հումորիստներ, ում ելույթներից ես հոնգուր-հոնգուր լացում էի: Պարոն Ծառուկյանի ելույթները միշտ նրա մասին էին, որ «լավ է լինելու» ու, որ «սիրում է մեզ», մենակ չէի հասկանում ինչ կապ ունի դա Ազգային ժողովի հետ»: Վարդուհին խոստովանեց, որ մի պահ հետաքրքիր քարոզարշավի հույս ունեցավ, երբ առաջ եկավ հայտնի Vertu ատրճանակի պատմությունը: «Էդ պահին իսկապես ինտրիգ մտավ, սկսեցի հավատալ, որ այս քարոզարշավը այլևս ձանձրալի չի, բայց երբ հայտնեցին, որ ատրճանակն ավելի շատ հեռախոս էր, ձանձրույթի նոպա տարա ու ընկա հիվանդանոց»,- ասաց Վարդուհին:

ՀԱԿ-ի հանրահավաքները միշտ աչքի էին ընկնում սուր քննադատությամբ: Երևանից 24-ամյա Սիլվան անհամբեր սպասում էր, երբ է իր սիրելի կուսակցությունը սկսելու այցերի շարքը մարզեր: «Դե գիտեք, հանցավոր ռեժիմը այս չորս տարիների ընթացքում արգելում էր, որ հազարավոր մարդիկ մարզերից գան Երևան մեր հանրահավաքներին մասնակցելու` երթուղայինների շարժն էին արգելում, ավտոները ստուգում և այլն: Ես ակնկալում էի, որ հեսա կմտնենք մարզեր, ու մեզ կդիմավորեն ՀԱԿածարավ հազարավոր մարդիկ, վերջապես կգան, կսատարեն մեզ հենց իրենց քաղաքներում,- ասաց Սիլվան և արտասվեց:- Մի 200-300 հոգի էր գալիս, եթե ոստիկանությանն էլ չհաշվենք` կեսը: Ոչ մի նոր քննադատություն: Եթե Նիկոլը չլիներ, ես դեռ առաջի երկու-երեք օրից հետո հիվանդանոց կընկնեի: Մի պահ ամեն ինչ հետաքրքրացավ, երբ Մալաթիա-Սեբաստիայում Նիկոլի վրա հարձակվեցին ալեքսանյանապաշտ կանայք, բայց դե դա էլ կորցրեց ակտուալությունը` նույն Նիկոլը, նույն կանայք, ամեն բակում»:

Մեկ այլ դեպքի մասին պատմեցին Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի աշխատակիցները, որտեղ Հանրապետական կուսակցության քարոզարշավից տեղափոխել էին Գուրգենին: Քույրերի խոսքով տղան առաջին աստճանի ձանձրահարված էր ստացել, երբ մի քանի հանրահավաք այցելելուց հետո հասկացել էր, որ բացի Սերժ Սարգսյանից ոչ ոք ելույթ չի ունենալու: Գուրգենը, թեև ծանր վիճակում էր, կարողացավ կարճ հարցազրույց տալ. «Դա պետք է լիներ հանրապետականների քարոզարշավը, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ պետք է խոսեին Գալուստ Սահակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Շարմազանովը պետք է ընդդիմությանը հավեսով կծմծեր, Շուշան Պետրոսյանը պետք է երգեր, Խաչիկ Ասրյանը… Գալուստ Սահակյանը, արդեն ասեցի՞… բայց այդ ամենը տեղի չունեցավ, նույն նախագահն էր, նույն թեմաների շուրջ»:

Փորձեցինք հիվանդատես գնալ նաև ՕԵԿ անդամ Արգիշտիի մոտ, որը ձանձրութահարվել էր սիրելի կուսակցության քարոզարշավը դիտելիս, սակայն ուշացանք. Արգիշտին արդեն մեզ հետ չէր: Նոր պատահարներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առաջիկա շաբաթվա ընթացքում զերծ մնալ հեռուստացույցով քարոզարշավ դիտելուց, իսկ փողոցում թեկնածուների վահանակները տեսնելիս փակել աչքերը և հաշվել մինչև տասը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Sonya Sonya Ապրիլի 28, 2012

    Ааааааааааа, в точку :))))))))))))))))

  2. Karine Kocharyan via Facebook Karine Kocharyan via Facebook Ապրիլի 28, 2012

    Ֆարմանյան-Կարապետյան բանավեճից հետո ձանձրույթը մի փոքր կոտրվեց

  3. Eric Eric Ապրիլի 29, 2012

    Այս Վիդեոն նոր հայտնաբերեցի, իսկական առավոտվա բոց է, բարեւ բոլորին Մարսելից.
    [youtube]http://www.youtube.com/watch?v=aAMNQDBar3Q[/youtube]

Մեկնաբանությունները փակ են.