Press "Enter" to skip to content

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ տարածքում Գոռ Վարդանյանին Չակ Նորիսից ուժեղ ճանաչելու մասին օրինագիծը

Վարդանյան-Նորիս հակամարտությունը մոտենում է ավարտին

ԵՐԵՎԱՆ — Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գոռ Վարդանյանին Չակ Նորիսից ուժեղ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով պաշտոնապես հաստատվում է առաջինի ֆիզիկական և հոգեբանական գերազանցությունը վերջինի հանդեպ: Օրինագիծը հեղինակել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը:

Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն դրական ազդեցություն կունենա մատաղ սերնդի բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ինչպես նաև կբարձրացնի երկրի հեղինակությունը միջազգային ատյաններում: Առաջին իսկ օրը օրինագծին իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները, ինչպես նաև մեխանիկորեն ՕԵԿ խմբակցությունը:

Քվեարկությունը բոյկոտեց «Ժառանգություն»-ը, ինչի կապակցությամբ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հետևյալ բացատրությունը տվեց. «Երբ կարևոր օրենքներ ենք քննարկում, 40-50 հոգի պատգամավոր է ներկա լինում, իսկ նման ոչ արդիական օրենքի համար շուրջ 128 պատգամավոր էր հավաքվել: «Ժառանգության» կարծիքով՝ օրինագիծը վաղաժամ էր, և դեռ մի երկու տարի հանգիստ կարելի էր այս ոլորտը չկարգավորել»:

Օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 14-ին, ինչից հետո ՀՀ բոլոր քաղաքացիները, տեղական ինքնակառավարման մարմինները և անհատ ձեռներեցները պարտավոր են Գոռ Վարդանյանին համարել ավելի ուժեղ: Օրենքի տրամաբանական շարունակությունն է լինելու Գոռ Վարդանյանի գերազանցության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով ոչ միայն կարգելվի բարձրաձայն տարակուսանք հայտնել, թե որ դերասանն է ավելի ուժեղ, այլ նաև կարգելի գռազ գալ վերոնշյալ թեմայով:

Չակ, մենք քո՛ հետ ենք

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով՝ օրինագիծը հակասահմանադրական է և կոպտորեն սահմանափակում է խոսքի ազատությունը: «Ես քաղաքացիական անհնազանդության կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար խոսքի ազատությունը դատարկ բառակապակցություն չէ: Ես ինքս ամեն օր՝ ժամը 9-ից 6-ը, Չակ Նորիսին համարելու եմ ավելի ուժեղ, ճկուն և խելացի: Բոլոր նոնկոմֆորմիստ քաղաքացիները կարող են ինձ միանալ մեր բողոքի ակցիաների ընթացքում»,– հայտարարել է Դանիելյանը:

Արդարադատության նախարարության ավագ փորձագետ Սամվել Ջասթիսյանի կարծիքով՝ օրենքը պետք է կատարելագործել նախքան երկրորդ ընթերցման ներկայացնելը: «Այստեղ կա օրենսդրական լուրջ բաց և հետևաբար՝ լուրջ ռիսկեր: Այո՛, օրենքը հաստատում է, որ մեր Գոռ Վարդանյանը իրենց Չակ Նորիսից ավելի ուժեղ է, սակայն շահարկումների տեղ է մնում Բրյուս Լիի [գրաբարով՝ Բրյուս Լինի–խմբ.] երկրպագուների համար:

Հայաստանում կան արևմուտքից ֆինանսավորվող ուժեր, որոնք անպայման փորձ կանեն հայտարարել՝ իբր Բրյուս Լին ավելի ուժեղ է, և դրանով կվտանգեն երկրի կայունությունը»: Փորձագետն առաջարկում հայ կարատեիստին ճանաչել ամենաուժեղ մարդ տիեզերքում: «Պետք է օրենքի տառով ամրագրել, որ անգամ Հերակլեսն ու Սարդ-Մարդը Գոռ Վարդանյանին մրցակից չեն կարող լինել»,– ասաց նա:

ArmComedy-ի աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն պատրաստվում են համապատասխան բրոշյուրներ, սոցիալական գովազդներ և ուղեցույցներ՝ հանրությանը օրենքի պահանջին ծանոթացնելու համար: Մասնավորապես՝ երիտասարդ մայրերը այսուհետ պարտավոր են լինելու վատ ուտող երեխաներին քաջալերել «Կե՛ր, որ Գոռի նման ուժեղ լինես» արտահայտությամբ:

Անձամբ պրն. Վարդանյանից մեկնաբանություն վերցնել մեր խմբակցությունում ոչ ոք չհամարձակվեց:

7 Comments

    • Simptom Simptom Մարտի 5, 2012

      գրաբարով՝ Բրյուս Լին ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ,մեխանիկորեն ՕԵԿ խմբակցությունը……

  1. Վարդան Վարդան Մարտի 5, 2012

    Բա Տորք Անգեղը՞

  2. Շվեյկ Շվեյկ Մարտի 7, 2012

    Թեմայից դուրս (որոշ չափով) հետաքրքի ա արդյո՞ք նույն ոգով եք անդրադարնալու մեր Հիտլեր «ախպոր» վերջին քաջագործւոթյուններին ձեր առաջին ԱրմէնիաԹՎ-ի եթերում: Իհարկե եթե որպևե ձևով անդրադարնալու եք:

    • Narek Narek Post author | Մարտի 8, 2012

      Շատ ջերմ ողջունում ենք հետաքրքրությունը, երկու օրից հենց կտեսնենք 😉 մենակ թե ԱրմՆյուզի եթերում

  3. Հայեր, մոռացաք, Բայանդուրը զգուշացրեց էլ՝ հաշվի առնելով հնարավոր բացասական հետևանքները կամ դրա պես մի բան, Չակ Նորիսից գործ չունեք… ))))))))))))))))))))))))))))))))

  4. Samo Samo Մարտի 18, 2012

    Stegh lriv xarna vichak@)))))))))))))))))

Մեկնաբանությունները փակ են.