Press "Enter" to skip to content

Կառավարությունը հաստատել է ՀՀ զուգարանաշինության զարգացման 2012-2015 թթ. հայեցակարգը

Զուգարանաշինությունը կխթանի տնտեսությունը, կստեղծի նոր աշխատատեղեր

ԵՐԵՎԱՆ — Շաբաթվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ մամուլում բացահայտված այն փաստաթղթերի շուրջ, որոնց համաձայն՝ կառավարությունը 2010թ. 100 միլիոն դրամ է հատկացրել զուգարաններ ձեռք բերելու համար: Կառավարությունը արձագանքել է քննադատներին՝ նշելով, որ «նոր զուգարանները ռազմավարական նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման և Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի համար»:

Կառավարության կայքում զետեղված պաշտոնական որոշումը և զուգարանների ձեռքբերման պայմանագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի թերսնվող 35 տոկոս բնակչության շրջանում:

«Ախր, ով ա այդքան զուգարան գնում մեր երկրում»,– նշում է թոշակառու Վալենտին Չուտոյանը, Խնձորեսկ գյուղից: «Մեր մարզը տարեկան այդքան նույնիսկ հաց չի ուտում, էլ ուր մնաց… Էդ ինչ-որ եվրոպաների պահա՞նջ ա»:

Հասարակության տարբեր զանգվածներ արդեն պիտակավորել են գործարքը՝ որպես անթույլատրելի շռայլություն, ինչին, սակայն, համաձայն չէ կառավարությունը.

«Հասկանում ենք, որ անպատրաստ աչքի համար հարյուրմիլիոնանոց զուգարանը կարող է չափազանց շքեղ թվալ, բայց կան բաներ, որոնց վրա խնայել չի կարելի»,– հայտարարել է Քաղաքաշինության նախարարության բնակարանային կոմունալ գլխավոր վարչության զուգարանների բաժնի առաջատար մասնագետ Զարզանդ Կճոյանը:

Զուգարանաշինությունը մեծ ոգևորություն է առաջացրել բնակչության մոտ

«21-րդ դարի Հայաստանը պետք է ձգտի դառնալ զուգարանների տարածաշրջանային առաջատար: Եվ հարցը միայն տարողունակ պաշտոնյաների համար զուգարանի ընդլայնումը չէ: Ժամանակակից զուգարանը նաև լուծում է զբոսաշրջության հարցը: Եթե մենք կարողանանք ստեղծել մեր նախատեսած որակի զուգարանը, մարդիկ ֆրանսիաներից ու ղազախստաններից կուզենան գալ, որ մի քանի րոպե վայելեն մեր շքեղ և բազմադարյա մշակույթի ազդեցությունը կրող զուգարանները»,– ասել է նա:

«Ավելին՝ չնայած զուգարանի շինարարության աշխատանքը դեռ վերջնական ավարտված չէ, բայց Երևանն արդեն հասցրել է առաջարկներ ստանալ Պյատիգորսկի, Քիշնևի և Մագադանի քույր քաղաք դառնալու»,– ասել է Զարզանդ Կճոյանը:

Կառավարությունը վստահեցնում է, որ նոր զուգարանը իր գրավչությամբ կարող է մրցակցել Գառնի-Գեղարդի հետ և դառնալ էկոտուրիզմի հզոր կենտրոն: «Որքան կարելի է գրավել զբոսաշրջիկներին մեր հին ու հոգնած Գառնի-Գեղարդով», — նշել է պաշտոնյան: «Մարդկանց պետք է ավեի ինտերակտիվ, ավելի անմիջական զբաղմունք, ինչպիսին է մեգազուգարանը»:

Նախնական տվյալներով՝ հսկա էլիտար զուգարանի կառուցման համար կառավարությունը հատկացրել է Գեղարքունիքի մարզի կեսը՝ արևելյան հատվածը, որտեղ կտեղակայվի նաև զուգարանից գոյացած պոչամբարը:

Մեկ մեկնաբանություն

  1. Ruben Armnasyan Ruben Armnasyan Հունվարի 27, 2012

Մեկնաբանությունները փակ են.