ԵՐԵՎԱՆ — 2011-ը մոտենում է ավարտին, սակայն ազգը դեռ չի կողմնորոշվել արդյոք տարին ծայրահեղ հաջող էր բոլոր ոլորտներում, թե խայտառակ անհաջող ու ճգնաժամային, թե` երկուսի արանքում մի բան: Հայաստանի քաղաքական ուժերը բաժանված են տարվա գնահատականի հարցում: Ստորև բերված են հիմնական ուժերի դիրքորոշումները 2011-ի նկատմամբ:
ՀՀԿ. «Անցած տարին առանձնացավ որպես վերջին շրջանի ամենաբարգա… կներեք, վերելքային ու ծաղկող տարի ինչպես քաղաքական, այնպես ել բոլոր մյուս ոլորտներում», — նշում է ՀՀԿ խոսնակ Էդվին Շարմազենկոն: «Տարին սկսվեց կոալիցիայի ամրապնդմամբ, որը, ի դեպ, մեր կոալիցիոն ընկերների սրտաբուխ ցանկությամբ և նախաձեռնությամբ եղավ: Տարվա ընթացքում ընդառաջ գնացինք կոռուպցիայի կրճատմանը` զոհաբերեցինք մեր առանցքային կոռուպցիոն առաջամարտիկներին ` Վազգեն Խաչիկյանին և Մարգար Օհանյանին: Տնտեսական վիճակը բարելավվեց այն աստիճանի, որ նույնիսկ որոշ հոգևորականներ կարող են այսօր իրենց թույլ տալ Բենտլիով երթևեկել»:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի միջադեպին Շարմազենկոն առանձնացրեց դրական դինամիկան. «Մենք կարողացանք նաև նվազագույնի հասցնել հանրապետական մարզպետների կողմից կանանց տփելու պրակտիկան: Ամբողղջ տարվա ընթացքում ընդամենը մեկ նման միջադեպ: Պատկերացնո՞ւմ եք` ընդամենը ՄԵԿ անգամ: Բայց, իհարկե, ՀՀԿ-ի չուզողները այնպիսի աղմուկ են բարձրացրել, կարծես ռեժիմով ծեծում ենք…»:
Բարգավաճ Հայաստանը 2011-ը գնահատում է որպես «խառը զգացումների» տարի: «Տարին լի էր սադրանքներով որոշ ուժերի կողմից, բայց միևնույն ժամանակ մեր և ՀՀԿ-ի միջև որևէ խնդիր չի եղել: Խոսքը լրիվ այլ ուժերի մասին է: Տարին բերեց նաև հաղթանակներ` մենք ջախջախեցինք որոշ ուժերի Իջևանի քաղաքապետի ընտրությւոններում… ես բնականաբար նկատի չունեմ որևէ կոալիցիոն ուժի: Մարտահրավերներից ամենամեծն այն էր, որ որոշ իշխանական ուժեր ԲՀԿ-ի դեմ «վհուկների որս» սկսեցին և ձերբակալեցին մեր մի քանի անդամների: Մի խոսքով` տարին կարելի է համարել ՀՀԿ-ԲՀԿ բարի համագործակցության և միջկոալիցիոն խնդիրների բացարձակ բացակայության տարի»,- նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսըհակառակ կարծիքի է. «Իշխանությունները տարին սկսեցին` խոստանալով ժողովրդին, որ մի քանի տարուց տիեզերք կուղարկենք մեր առաջին տիեզերագնացին` փոքրիկ Արթուր Պողոսյանին, սակայն ՀԱԿ-ի ուժերով պայթեց այդ կեղծ փուչիկը: Կոալիցիան ակնհայտորեն խուճապի է մատնվել` ՀՀԿ-ն ընկավ ալկոհոլիզմի և հանրային խոտանների գիրկը, իսկ ԲՀԿ-ի մոտ բացահայտվեց
թմրամիջոցների խնդիր: Բայց, բայց, բայց, կրկնում ենք, որ եթե ԲՀԿ-ն պատրաստ է հրաժարվել թմամիջոցների պրակտիկայից (մինչ օրս երեք-չորս ԲՀԿ-ականներ ձերբակալվել են այդ հոդվածով), ապա մենք պատրաստ ենք նրանց ընդունել և օգնել ճիշտ ուղի գտնելու հարցում: Նշենք նաև, որ տարին առատ էր ջրբաժաններով իշխանությունների և ժողովրդի միջև, ինչը պետք է լրջորեն անհանգստացնի նախ և առաջ հանրապետականներին»,- նշեց ՀԱԿ ծրագրավորող Լևոն Զուրաբյանը: «Ի դեպ, իշխանությունների վրա գործադրվող մեր անխնա ճնշումների արդյունքում նաև կարողացանք արձանագրել հաջողություններ քաղբանտարկյալների ազատման, ֆուտբոլային հաղթանակների և ֆրանսիական խորհրդարանի օրինագծերի հարցում»:
Դաշնակցությունը տարին գնահատեց որպես «ռազմահայրենասիրական»: «Անկեղծ ասած` մեզ համար յուրաքանչյուր տարի էլ ռազմահայրենասիրական է, քանի որ մենք ամեն տարի ջանք չենք խնայում մեր հիմնական նպատակի ուղղությամբ` Հայաստանը դարձնել ավեի ու ավելի ծովից ծով», — նշեց Դաշնակցության ռազմահայրենասիրության բաժնի ղեկավարի երկրորդ տեղակալ Արծվախեղդ Տեր-Ռազմամփունցը:
Ժառանգությունը 2011-ը գնահատել է որպես «անուշադրության և անտարբերության» տարի: «Տարին ցույց տվեց, որ հանրապետականները նախընտրում են iPad-ի շփումը իրենց ԱԺ գործընկերների հետ շփումներին և ելույթներին: Տարվա դրական կողմերից էր, որ մեր առաջնորդի հացադուլը լուրջ բեկում մտցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքում, որը գուցե այս պահին չի զգացվում, բայց վստահ եմ երկու-երեք տարի անց կսկսի տալ իր արդյունքները: Կարծում եմ…» — նշեց Ժառանգության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ի դեպ, Մարդիրոսյանի ամփոփման ժամանակ լրագրողների մի մասը խաղում էր Angry Birds:
Օրինաց երկիր կուսակցությունը տարին գնահատում է որպես «շատ հանգիստ»: «Առանձնապես բան տեղի չի ունեցել: Սովորականի մեջ նորմալ տարի էր,- ասում է Հեղինե Բիշարյանը:- Ոչ ոք մեզ չի նեղել, չի հիշատակել քննադատական ելույթներում… մեկ-մեկ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մարդիկ լուրջ չեն մոտենում մեր կուսակցության գոյությանը: Բայց, բնականաբար, դա ավելի շատ նաշնակում է, որ մարդիկ լուռ սիրում են մեզ և դա արտահայտվելու է մոտակա ընտրություններին»:
Ի դեպ, ակնկալվում է, որ գալիք տարվա մայիսին ժողովուրդը ևս կամփոփի 2011-ը, ինչպես նաև նախորդ մի քանի տարիները: Ժողովրդը հնարավորություն կունենա քվեարկել իր ամենաշատ դուր եկած «տարվա ձևակերպումը» հեղինակած կուսակցությանը համապատասխան հաղորդագրություն ուղարկելով xxyy կարճ համարին կամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին:
ԲՀԿ նախագահի խոսքը շատ խոստումնալից էր ))
)))