Press "Enter" to skip to content

Կառավարությունը արգելում է բողոքի ակցիաները ՀՀ տարածքում

'Ցուցարարները փակում են շատրվանների տեսարանը' լուսանկարը`Ֆոտոլուր

Կառավարությունը կարգելի բողոքի ակցիաներ անցկացնել ոչ միայն իր շենքի դիմաց, այլև ՀՀ ամբողջ տարածքում: Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցող 2-3 բողոքի ցույցերը ոչ միայն խայտառակում են մեր պետությունը «Մարիոթ» հյուրանոցից դուրս եկող զբոսաշրջիկների աչքի առաջ, այլև խափանում են նախարարների աշխատանքը: Աղմուկի պատճառով նախարարները չեն կարողանում կենտրոնանալ որոշումների վրա, և արդյունքում տուժում է տնտեսությունը:

«Դուք հլը մի հատ փորձեք այդ աղմուկի մեջ որոշում ընդունել: Պահի տակ արդեն հայհայա գտնում ես երկնիշ աճի բանաձևը, մեկ էլ լսվում ա Վարդգես Գասպարիի ձայնը` ինչ-որ մեկին «խուլիգան հանցագործ» ա անվանում, ու մեկ էլ հասկանում ես, որ մտքիդ թելը կորցրեցիր: Սենց չի կարելի», — բողոքում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նոր որոշմամբ` բոլոր բողոքի ակցիաները, ցույցերը` վերտիկալ թե հորիզոնտալ, պետք է ՀՀ տարածքից դուրս կազմակերպվեն: «Սրանով ոչ մեկի սահմանադրական իրավունքները չենք խախտում», — բացատրում է կառավարության գլխավոր իրավաբան-մեկնաբան Հակոբ Դակազյանը` հավելելով. «Մենք չենք ասում` իրավունք չունեք բողոքելու: Էլի բողոքեք, բայց դրա համար հատուկ հատկացված տարածքներում` Վրաստանում, Իրանում: Արկածախնդիր ցուցարարները կարան բողոքեն Ադրբեջանում:» Ցուցարարներին նաև առաջարկել են բողոքի ակցիաներ անցկացնել Հայաստանի պատմական հողերում, որպեսզի կապը հայրենիքի հետ չկտրվի: «Ինչ տարբերություն Երևանում բողոքեն, թե Անիում` պակա՞ս մայրաքաղաք է»,- ԱրմՔոմեդիից հետաքրքրվեց Դակազյանը:

Անանուն մնալ ցանկացող ցուցարարը վրդովված է

Ցուցարարները նորությունը ընդունեցին առանց ոգևորության: «Մեր բերանը փակելու հերթական փորձն ա էս խուլիգան, հանցագործ իշխանությունների կողմից: Ու ինձ թվումա էդ հորիզոնտալ բողոքների կետը հատուկ իմ դեմ են մտցրել… Ես չեմ պատրաստվում ամեն անգամ Վրաստան կամ Թուրքիա գնալ: Թող խուլիգան ոստիկանները գնան»,- ասաց մի ցուցարար, ով ցանկացավ անանուն մնալ: «Եթե էսքան ցույց չլինի քաղաքում, մենք էլ կսկսենք մեր գործով զբաղվել` հանցագործ բռնել», — կատակեց ոստիկաններից մեկը:

Իրենց կարծիքը հայտնեցին նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  փորձագետները: «Նախ և առաջ սա մեր պաշտոնական դիրքորոշումը չի, ոչ էլ մեր տեսակետը: Պետք չի սա նաև պիտակել` որպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոտեցում կամ կարծիք, որովհետև տեխնիկապես սա կարծիք էլ չի, այլ պարզապես ինչ-որ բան, որ ես ձեզ հիմա կասեմ», — զգուշացրեց լրագրողներին Պեդրո Սանչեսը. «Մենք զգում ենք, որ իշխանությունների այս քայլը չափից դուրս կտրուկ է, սակայն մյուս կողմից չի արգելում քաղաքացիներին արտահայտել իրենց դժգոհությունը: Այդ որոշումը համահունչ է եվրոպական չափանիշներին, բայց շատ ցածր չափանիշներին»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

Մեկ մեկնաբանություն

  1. Tigran Tigran Նոյեմբերի 15, 2011

    :-)))))

Մեկնաբանությունները փակ են.