Press "Enter" to skip to content

Հայաստանը «Գույք պարտքի դիմաց» ծրագրով ՌԴ-ին կփոխանցի Գալուստ Սահակյանին

Սահակյանը կփոխանցվի ռուսական կողմին տարվա սկզբին

ԵՐԵՎԱՆ — Հինգշաբթի երեկոյան կայացած ՀՀԿ համագումարից հետո հայտնի է դարձել մի նոր պաշտոնանկության/վերադասավորման մասին, որը այս անգամ կապված է տնտեսական ոլորտի հետ: ՀՀԿ համագումարի միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նոյեմբերի կեսերին հրաժարական կտա`  Ռուսաստանի դաշնությանը անժամկետ անցնելու կապակցությամբ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն ներկայացնում է նախաձեռնությունը որպես սառնարյուն տնտեսական որոշում, որը  բխում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական շահերից: «Այս որոշումը ոչ մի կապ չունի գալիք ընտրությունների հետ: Պարզապես ապրիլին լրանում է ԳազՊրոմի հետ պայմանագրի ժամկետը, և կարող է տեղի ունենալ գազի գնի կտրուկ աճ: Հնարավոր ցնցումներից և գների բարձրացումից խուսափելու նպատակով ՀՀԿ-ն դրսևորել է քաղաքական հասունություն և որոշել է ռուսական կողմին փոխանցել առավել արժեքավոր հանրապետականներից մեկին»:

«Դա բարդ, սակայն ռազմահայրենասիրական որոշում էր», - Շարմազենկո

ՀՀԿ որոշման համաձայն փոխանցումը կիրականացվի միանվագ և կկատարվի 2012 թ. առաջին եռամսյակի սկզբին: Սահակյանի գործառույթները ժամանակավոր դրվելու են Տիգրան Սարգսյանի MacBook Pro նոութբուքի վրա` մինչև հաջորդ ղեկավարի ընտրությունը, որը նախատեսված է ապրիլին:

Հանրապետական խմբակցության քարտուղարի գործընկերները ափսոսանքով, բայց ըմբռնումով են արձագանքել համագումարի միաձայն և միաժամանակ Սահակյանի ինքնակամ որոշմանը: ՀՀԿ ավագ պատգամավոր Սամվել Նիկոյանը առանձնացնում է գործընկերոջ պետական մտածելակերպի դրսևորումը. «Ես հիանում եմ Գալուստ Գրիգորիչի պետականամետ կեցվածքով և ՀՀԿ համագումարի որոշմամբ: Ոչ մեկիս համար հեշտ չէր գնալ այդ քայլին, բայց վստահ եմ, որ սոցիալական ցնցումներից խուսափելու համար նման քայլը լիովին արդարացված է»:

ՀՀԿ քայլը դրական արձագանք ստացավ նաև ընդդիմադիր դաշտից: ՀԱԿ տնտեսական հարցերով պատասխանատու Հրանտ Բագրատյանը խոստովանում է, որ սա «ռեժիմի եզակի գրագետ քայլերից է»:

«Սա ռեժիմի եզակի գրագետ քայլերից է: Անկեղծ ասած` զարմացած եմ, որ ռուսական կողմը չի նկատել, թե ինչ որակի և ամորտիզացիայի գույք է փոխանցվում և դրա հետ կապված տեխնիկական և բովանդակային խնդիրները, բայց դա մեր գործը չէ,» — նշում է տնտեսագետը: «Հայաստանի համար միանշանակ օգտագար է թեկուզ մի քանի ամսով դրա շնորհիվ ցածր պահել գազի գները»:

«Հանրապետականները արհեստականորեն բարելավում են ՀՀԿ իմիջը», - փորձագետ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը վստահ է, որ քայլն ունի նաև վառ քաղաքական ենթատեքստ. «Ակնհայտ է, որ հանրապետականները փորձում են արհեստականորեն բարձրացնել վարկանիշը` ազատվելով ընտրողներին վերբալ և էսթետիկ ցավ պատճառող պատգամավորներից: Պարոն Սահակյանի փոխանցումը ռուսական կողմին համակողմանի շահավետ քայլ է տնտեսության և հանրապետականների համար»:

Ռուսական կողմից ստացված նախնական տեղեկություններով` նոր սեփականատերերը մտադիր են որոշակի աշխատանքից և վերազինումից հետո վերաշահագործել հայկական կողմի տրամադրվելիք գույքը առնվազն 30%, իսկ առավելագույնը 45% հզորությամբ արդեն 2012 թ. երրորդ եռամսյակում: Հատկանշական է, որ այն նախատեսվում է օգտագործվել հիմնականում Հայաստանի տարածքում, սակայն ռուս օպերատորների և մասնագետների գործարկմամբ:

 

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

 

3 Comments

  1. Բա որ էդ մարդը գնա ու ռուսներին էլ պարտքի տակ գցի,ռուսներն ում վրա փոխանցեն այդ գույքը?

Մեկնաբանությունները փակ են.