Press "Enter" to skip to content

Զրպարտության մասին նոր օրենքը կդժվարեցնի պաշտոնյաների նեղանալը

«Այս անգամ իրոք լավ բան եմ փորձում անել,» - Օբմուդսմարդ

ԵՐԵՎԱՆ — Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ՀՀ «Զրպարտության մասին» օրենքի բարեփոխման գործընթացը: ՄԻՊ գրասենյակի վերլուծությունը բացահայտել է, որ հայ պաշտոնյաները մտել են որակապես նոր հասունացման փուլ, երբ արդեն պատրաստ են չնեղանալ սուր քննադատական հոդվածներից և ելույթներից:

«Բնականաբար, պաշտոնյաները դեռ պատրաստ չեն բացահայտ քննադատությանը,  դրա համար նոր օրենքը նախատեսում է փուլային անցում »,- նշում է Օմբուդսմարդ Կարեն Անդրեասյանը: «-Նախ թույլ կտանք ընդգծել մանր ու միջին պաշտոնյաների բլթոցները, թյուրիմացությունները և որոշ բյուջետային գողություններ»:

«Երկրորդ փուլում կարելի կլինի անպատիժ թեթև իշմար անել, որ այս կամ այն նախարարը կամ պատգամավորը ինչ-որ ալա-բուլա բանով է զբաղվում կամ անեթադրաբար դամբուլ է: Եվ վերջին, երրորդ փուլում արդեն հնարավոր կլինի հանգիստ քլնգել ցանկացած բարձրագույն պաշտոնյայի: Բայց դա արդեն 2035-ի կողմերը»:

Բարեփոխումների դեմ է հանդես եկել ՀՀԿ-ն,  մասնավորապես` խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Օրենքի բարեփոխումը հենց այնպես չի փաթաթվում մեր վզին: Պարզապես որոշ ուժեր ուզում են անպատիժ ցեխ շպրտել մեզ վրա: Ի՞նչ երաշխիք կա, որ օրենքի ընդունումից հետո բոլոր ԶԼՄ-ներն ինձ չեն լուսաբանի ոչ ինտելեկտուալ լույսի ներքո»:

Օրենքը վտանգում է Սահակյանի ինտելեկտուալ իմիջը

«Օրենքի նախագիծը նաև նախատեսում է պաշտոնյա անձանց վիրավորելու համար ավելի մատչելի գնացուցակ: Եթե հին օրենքով, օրինակ, ոստիկանության սերժանտին ‘խուլիգան’ անվանելու համար պետք էր մուծել 50 հազար դրամ, ապա նոր նախագիծը շատ ավելի մատչելի է դարձրել նման որակումները` 1-3 հազարական դրամ` կախված սերժանտի աշխատանքային փորձից»:

Օրենքի ջատագով, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրում է օրինագծի սոցիալական կողմը. «Եթե նախկինում պաշտոնյաներին կարողանում էին նվաստացնել միայն միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ապա նոր օրենքը թույլ է տալիս պաշտոնյայի պորտը տեղը դնել նաև սոցիալապես անապահով խավերին»:

«Օրինակ, նույն մանկավարժը կամ դաշնակահարը կկարողանան ոչ շատ բարձրաստիճան, բայց այնուամենայնիվ ինչ-որ պետական հիմնարկի աշխատակից բացահայտել, որպես ‘կաշառակեր’ կամ ‘խուլիգան’», — նշեց նախարարը:

Մինչև օրենքի վերջնական ընթերցումը, ԱԺ նախագահը խոստացել է հրապարակել բոլոր պաշտոնյաների քլնգման գնացուցակը: Ակնկալվում է, որ առավել թանկ կարժենա նեղացնել երկրի գործադիր իշխանությանը, որը կկարողանան իրենց թույլ տալ միայն ռուս օլիգարխները:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

3 Comments

  1. Lucy Lucy 27/10/2011

    verjin toxe shat lavn a

Մեկնաբանությունները փակ են.