ՀՅԴ բյուրոյին խայտառակ մոտ կանգնած աղբյուրներից ArmComedy-ն տեղեկություն է ստացել, որ կուսակցությունը պատրաստվում է կտրուկ ռեբրենդինգի: Նոր կերպարի ստեղծումը պայմանավորված է օր օրի մոտեցող խորհրդարանական ընտրություններով` ՀՀ ամենահին կուսակցությունը ցանկանում է գրավել երիտասարդության լայն շերտերի սրտերը:
Գաղտնի մնալ ցանկացող աղբյուրը ասել է` «Կուսակցությունը շատ քիչ ձայներ ստացավ նախորդ ընտրություններին: Եթե մի քիչ ավելի ժամանակակից դառնանք, պահպանողականությունը մի երկու տոն իջացնենք, ահագին մարդ մեզ կքվեարկի: Ես Վահանը չլինեմ, եթե էդ դեպքում ավելի շատ ձայներ չստանանք:»
Վերանայվելու են կուսակցության խոհրդանիշերը, կարգախոսները ու գովազդային հոլովակները: Արդեն բավականին հնացած «Մեր հին ընկերը դաշնակցությունն է» կարգախոսի փոխարեն առաջարկվում է բավականին նոր` «Քո նոր Friendը դաշնակցությունն է»: Այս կերպ ակնարկվում են վերջին շրջանում երիտասարդների կողմից շատ սիրված սոցիալական ցանցերը: Կուսակցությունը չի բացառում, որ ավելի ակտիվ կներգրավվի սոցիալական ցանցերի կյանքում և, նույնիսկ, բարձացրած խնդիրներից մեկի շուրջ կարծիք կձևավորի: «Կարծիք` հաստատ: Դիրքորոշում կամ գործողություն դեռ չեմ կարող խոստանալ, սակայն կարծիքի մասին անպայման հրապարակավ կհաղորդենք: Կամ կրպակների, կամ շինարարության, կամ բանակում զոհվածների թեմայով», — խոստացավ Դաշնակցության բյուրոյի անդամ ինկոգնիտո զրուցակիցը:
Վերանայվում է նույնիսկ կուսակցության անվանումը, և առավել համարձակները առաջարկում են վերջապես կատարել վաղուց սպասված անցումը «Յեղափոխականից» դեպի ավելի ժամանակակից և ինչ-որ տեղ յունիկոդ «Հեղափոխական» բառը: Կուսակցությունը նույնիսկ ֆոկուս խումբ անցկացրեց, որի արդյունքում պարզ դարձավ, որ «հո-յի-դա» հապավումը շատերին անհասկանալի է թվում: Նույնը վերաբերվում է «Բյուրո» բառին, որը կփոխարինվի կամ ավելի տարածված «խորհուրդ», կամ ավելի պոպուլյար «ջեդայների խորհուրդ» տերմինով:
«Իհարկե, պետք չէ լրիվ հրաժարվել մեր նախկին առաջնայնություններից, սակայն այս 20 տարիների ընթացքում մեր գիտահետազոտական խմբի շնորհիվ նաև հասկացանք, որ մեր ժողովրդին, բացի Հայ Դատից հետաքրքրում են նաև կենսական հարցեր` գազի գինը, օրինակ: Ժողովուրդը դժգոհ ա ու շատ հոգսեր ունի, այդ ակնհայտ իրողությունը անզեն աչքով երևում է, նույնիսկ այ էս ակնոցները պետք չեն», — հավելեց մեր գաղտնի աղբյուրը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Զան! Սպասում ենք դաշնակների թեմատիկայով նյութերի շարքիիիիի…. !!!!
Մեկել թող սկուպոյություն չանեն, էտ նկարներին մի երկու գույն տան գոնե :-Ճ