Press "Enter" to skip to content

Բարձրաստիճան ոստիկանը կոռումպացված էր` ազգի հավատը չի գալիս

Մարգար Օհանյանը կասկածի տակ ընկավ Իսպանիայում 4-րդ կղզին գնելուց հետո

ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի առավոտյան` նախաճաշից անմիջապես հետո, ձեռբակալվել է  ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Նրան մեղադրում են հարյուր հազարավոր լիտր բենզին երթևեկության ոստիկաններից անմեղ դեմքով թաքցնելու և գրպանելու մեջ: Նախնական հաշվարկով մի տարվա ընթացքում նա իր ընտանիքի և հարազատների համար կարողացել է ապահովել 1,750,000 դոլարի եկամուտ:

Չնայած բավական համոզիչ մեղադրանքին, հասարակ ժողովրդի հավատը չի գալիս, որ ոստիկանությունում կարող է առկա լինել կոռուպցիա: «Հա ասենք, մեկ-երկու ավտոտեսուչ գուցե առիթից առիթ շփոթվեն, մի քիչ փող վերցնեն վարորդից, բայց որ տենց պաշտոնյա վայս լիներ բյուջեյի փողերին… դա ուղղակի աբսուրդ ա.. վստահ եմ, ինչ-որ թյուրիմացություն ա եղել: Մնեք հրաժարվում ենք հավատալ դրան»:

Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց Օհանյանը խոստացել էր Gold մեքենայի համարներ իրենց բողոքն են արտահայտել իշխանություններին: Նրանք պահանջում են վերանայել ձերբակալման որոշումը և հաշվի առնել նրա օգտակար դերը` ‘Երևանը  տուֆտա համարներով մեքենաներից մաքրելու հարցում’:

Սակայն հետաքննող մարմինն ունի իր փաստարկները: «Առաջին կասկածը մեզ մոտ ծնվեց երեք տարի առաջ, երբ Օհանյանը գնեց իր 4-րդ կղզին Իսպանիայի ափի մոտ», — պատմում է հետաքննչական ծառայության խոսնակը: «Մեզ համար ակնհայտ էր, որ իր աշխատավարձով` 350,000 դրամ,  չէր կարող ձեռք բերել այդ կղզին: Կասկածը միանգամից ներկայացրեցինք ոստիկանապետին»:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, աղբյուրների հաղորդմամբ, խորը անակնկալի է ընկել, լսելով համակարգում կոռուպցիայի առկայության մասին: «Սենց բան չէր եղել դեռ… Էդ առաջին կասկածը հենց ներկայացրեցին, ես կանչեցի Օհանյանին ու հարցրեցի` «Մարգար տղա, գրպանե՞լ ես»: Նա աչքերիս մեջ լուրջ նայելով ասաց` «Երեխեքիս արև, չեմ գրպանել»: Հավատս մինչև հիմա չի գալիս, որ սուտ էր խոսում… Ախր ինչպե՞ս կարող է բարձրաստիճան ոստիկանը լինել կոռումպացված»:

«Վառելիք? Կարող ա մեզ աշխատավարձ էլ ա հասնում?», - ոստիկականներ

Ճանապարհային ոստիկան, Մաշտոց-Թումանյան խաչմերուկի պատասխանատու Սլավիկ Սիմոնյանը ձերբակալման մասին իմացավ մեր լրագրողից. «Լո՞ւրջ: Մեզ անվճար վառելի՞ք էր հասնում: Չի կարող պատահի.. մեր բոլոր տղաները ազնիվ ամենօրյա քրտինքով և վարորդներին օրենք հուշելով են վաստակում վառելիքը: Վստահ եմ, որ սա թյուրիմացություն է ու շուտով կհերքվի: Ի դեպ, դուք սխալ տեղով անցաք փողոցը, նենց որ հիմա ինքներդ կմասնակցեք մեր վառելիքի խնդրի լուծմանը»:

Սակայն հետաքննությունն արդեն ունի ապացույցներ խոշոր գրպանման և շորթման վերաբերյալ: Կոռուպցիայի մասին կասկածը վերջնական հասունացավ այս տարվա մայիսին, երբ Օհանյանը բրիտանական «Քրիստի» աճուրդից գնեց 18-դ դարի հրացան` 500,000 ֆունտ ստերլինգով: Քննչական բաժնի երեք ամիս տևած վերլուծությունը ցույց տվեց, որ նման գումար Օհանյանը չէր կարող հավաքել իր աշխատավարձով:

Նույն ժամանակ, աղբյուրների համաձայն, Ալիկ Սարգսյանը շարքային ոստիկաններից մեկի կնունքի ժամանակ (աղբյուրների պնդմամբ ոստիկանների մեջ կան քրիստոնյաներ) ականջի ծերով լսեց ոստիկանների մտերմիկ զրույցը` «արա, ինչ լավ կլիներ մի օր վառելիքի մի մասը գոնե պետությունը գներ.. ի վերջո համակարգի մարդ ենք, մլիցա ենք…»:

Աղբյուրները պդնում են, որ ոստիկանապետ Սարգսյանը խորը հիասթափություն է ապրել ոստիկանության համակարգից, վերաիմաստավորել է իր աշխատակիցներին և այժմ վճռական է ավելի ուշադիր լինել ոստիկանական ծառայողների կասկածելի հարստության նկատմամբ:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. dabavog dabavog 01/09/2011

    «Հա ասենք, մեկ-երկու ավտոտեսուչ գուցե առիթից առիթ շփոթվեն, մի քիչ փող վերցնեն վարորդից» — ախար ինչու՞ չեք ասում, որ ժողովուրդն ա մեղավոր, ոչ թե խեղճ գաիշնիկները
    Քանի անգամ է ասվել. չայեվոյ ծառայությունը կատարող գաիշնիկներին մի տվեք, չէ, չեն հասկանում, զոռով թողնում են, Իրենք էլ վերցնում են որ չվիրավորեն, ինչ անեն

  2. Hayk Hayk 03/09/2011

    100 hat DISlike

Մեկնաբանությունները փակ են.