PanArmenian.net-ը ներկայացրեց Beatles խմբի բացառիկ երկու նկար

PanArmenian.net կայքը Հայասանի բիթլասեր հանրությանն ուրախացրեց երկու հազվագյուտ նկարներով, որտեղ մանրակրկիտ պատկերված է երկու գեղեցիկ դրվագ` լեգենդար խմբի վերելքի տարիներից:

Բիթլաման Անահիտ Սահակյանը` 37 տարեկան, հիացած է. «Իրոք շատ շնորհակալ եմ PanArmenian.net-ին` նկարները հանրայնացնելու համար: Երկու նկարների այն մասերը, որտեղ հնարավոր է ինչ-որ բան տեսնել, շատ հետաքրքիր դետալներ են հաղորդում իմ սիրած խմբի անդամների կյանքի մասին: Այս որակի նկարներ դեռ չէին ցուցադրվել հայ ֆանատներին»:

Նկարների բացահայտումը որոշակի տարաձայնություններ է առաջացրել Rolling Stones խմբի երկրպագուների շարքում: Մարտիրոս Սարոյանը` 48 տարեկան, վստահ է, որ դրանք իր սիրած խմբի նկարներն են.«Իհարկե, բոլորս  հիացած ենք PanArmenian-ի նման որակյալ նկարների բացահայտմամբ, բայց եկեք լինենք անկեղծ` նկարում պատկերված է Rolling Stones խումբը, այլ ոչ թե Բիթլզ: Եթե ուշադրություն դարձնեք այն մի քանի կտորներին, որոնց վրա չկա PanArmenian-ի նշանը, ապա պարզ կլինի, որ միջավայրը ավելի բնորոշ է Ջագերենց, այլ ոչ թե Լենոնենց»:

Չնայած կայքի ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է, որ նկարում պատկերված է Բիթլզը, սակայն սկեպտիկները, միևնույնն է, չեն համզովում: «Հավատացեք, դա իրոք Բիթլզն է», – նշում է PanArmenian-ի տնօրեն Նշան Մակագրյանը: «Մեր մասնագետը տեսել է նկարները նախքան… դրանց վրա անվտանգության փոքրիկ նշանների տեղադրումը և նա համոզված է, որ նկարների վրա իրոք Բիթլզ խումբն էր»:

Սակայն նույնիսկ այս հայտարարությունից հետո այլակարծության ալիքը չդադարեց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտաշ Ռամբուլյանը միանշանակ վստահ է, որ նկարի վրա պատկերված է Արմենչիկը: «Եթե մի քիչ ուշադիր նայեք նկարի տեսանելի դրվագների վրա, վերցնեք դրանք ու միացնեք իրար, ապա կտեսնեք, որ նկարում ոչ մի Բիթլզ էլ չէ: Դա մեր հալալ գուսան Արմենչիկն ա: Հա, մի քիչ անհաջող ա դուրս եկել նկարի մեջ… երևի առավոտտ են նկարել… դեռ կիսաքնած էր»:

«Սոցիոմետր» ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ իրենց ընկերությունը արդեն ակտիվորեն իրականացնում է հարցումներ` պարզելու, թե ով է պատկերված PanArmenian.net-ի բացառիկ նկարում:  «Անձամբ իմ կարծիքով սա Սերո Խանզադյանի հին նկարներից է կնոջ կողմի բարեկամների հետ հետ, բայց չեմ ուզում իմ կարծիքը փաթաթել: Թող արդար հարցումը տա իրական պատասխանը: Վստահ եմ,  մարդիկ կասեն, որ Սերո Խանզադյանն է, բայց եկեք առայժմ զերծ մնանք գուշակություններից»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

4 Responses to PanArmenian.net-ը ներկայացրեց Beatles խմբի բացառիկ երկու նկար

  1. Pingback: Gohar Malkhasyan via Facebook

  2. Kornelij says:

    Ռոլինգի պահով լրիվ ինքն էր ՃՃՃՃՃՃ

  3. Ծովինար says:

    Ես էդպես էլ գիտեի :) )))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>