ԵՐԵՎԱՆ — Երկուշաբթի Կառավարության խոսնակ Անահիտ Զուլումյանը մեկնաբանեց Լինսի հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրի պատասխանատու Էդվարդ Բեզոյանի տան թալանի հետ կապված իրարանցումը: Կառավարության ներկայացուցիչը կոչ արեց հանրությանը չընկալել իրավիճակը «գողը գողից գողացավ, աստված տեսավ զարմացավ» անկյան տակ:
«Հասկանալի է, որ 200 հազար դոլարի ոսկեղեն և 50 հազար դոլար կանխիկ փողի առկայությունը կարող է անառողջ կասկածներ առաջացնել», նշեց խոսնակը լրագրողներին: «Էդվարդ Բեզոյանը երկար տարիներ վերահսկել է Լինսի հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերը, որոնք ավանդաբար հաջողություն և շան բախտ են բերում այդ ծրագրերի տնօրենների գործերին»:
«Հաշվի առեք, որ մի կողմից շնորհակալ հայ վարորդներն են տարբեր եղանակներով իրենց երախտագիտությունը հայտնել որակյալ ճանապարհների համար, մյուս կողմից… դե ուղղակի հաջողությունների շրջան էր: Ամոթ է մտածել, որ հայ ԾԻԳ-ի ղեկավարը կարող է Քըրք Քըրքորյանի գրպանից ինչ-որ ավելորդ բան հանել: Ավելի լավ է մասնակից եղեք պարոն Բեզոյանի վշտին. նրանից գողացել են ամառային հանգստի համար նախատեսված ողջ գումարը», — նշեց Զուլումյանը:
Նորությունը ցավով են ընդունել նաև Լինսի հիմնադրամի ղեկավարները: Քըրք Քըրքորյանի ներկայացուցիչ Դարոն Սրտունցը հայտարարել է, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները Բեզոյանի ունեցվածքը վերականգնելու համար:
«Հաջորդ տարվանից մենք նախատեսում ենք Գյումրի-Մեղրի ճանապարհի թարմացումը, որի համար նախատեսել ենք ընդհանուր 260 հազար դոլարի ներդրում: Ծրագիրը կրկին կղեկավարի պարոն Բեզոյանը, ինչը թույլ կտա լիարժեքորեն վերականգնել գողացված գումարը և նույնիսկ մոտ 10 հազարի ավելցուկ ունենալ», — հայտնեց Սրտունցը:
«Ընդդեմ ակնհայտ թալանին» ՀԿ-ի նախագահ Պետրոս Սրբոյանը չի կիսում կառավարության և հիմնադրամի վստահությունը: «Ցավում ենք, իհարկե, թալանի կապակցությամբ, բայց մյուս կողմից սա հնարավորություն տվեց բացահայտելու, թե որքան խորն են գնում ատկատները նույնիսկ Լինսի հիմնադրամի նման ազգանվեր ծրագրերում: Իհարկե, հիմա դժվար է ապացուցել կամ պատժել Բեզոյանին, բայց, կարծում ենք, սա չարախնդալու հիանալի առիթ է, որից պետք չէ զրկել ժողովրդին», — հայտարարեց ՀԿ-ի նախագահը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը կոչ արեց հոգեբանությունից անտեղյակ քաղաքացիներին չարտահայտվել հարցի շուրջ: «Ժողովրդի մոտ կա արատավոր կանխակալություն, որ, եթե պաշտոնյան ղեկավարում է մեծ գումարներով ծրագիր, ապա անպայման օգտագործում է այդ գումարին վայս լինելու հնարավորությունը: Դա բնականաբար գալիս է առաջին նախագահի ժառանգությունից, որը սերմանեց այդ մտածելակերպը: Ընդհանրապես այս բացասական կանխավարկածը մենք կոչում ենք լևոնյան սինդրոմ»:
«Ժողովուրդը չի կարողանում հաշտվել այն իրականության հետ, որ 1998թ.-ից այս կողմ բյուջեից գողանալու ավանդույթը հիմնականում վերացել է: Դա տարրական հոգեբանական բարդույթ է, որը կհաղթահարվի ժամանակի ընթացքում` եթե ինձ ուշադիր լսեք», — նշեց Հայաստանի հիմնադիր հոգեբանը:
Մինչ աշխուժությունը խնդրի շուրջ շարունակվում է, կառավարությունը որոշել է Բեզոյանին ժամանակավոր նշանակել Սոցապ հիմնադրամի նախագահ` մինչև ուժերի և ֆինանսական կարգավիճակի վերականգնում:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
Շատ լավն էր, ինձ հատկապես Կարինե Նալչաջյանն ա բացում` իր հեղինակավոր կարծիքով ու ծվծվան ձայնով 😀
Вовремя украденные деньги не считаются левыми. Вот если наверху решили вас поймать на этом, то это другое дело. А так, башарела мард, ну что тут поделаешь 🙂
Vayy, vayyy, vaaaaaaaaayyyy, Karine Nalchajyany “Kontrolnyj Vystreln” a…hahahha
…Հայաստանի հիմնադիր հոգեբանը… 🙂