Press "Enter" to skip to content

Կառավարության նիստերի դահլիճում կայացավ Ազգ-Րաֆֆի երկխոսությունը

«Ժամանակն է ինչ-որ լավ բան անել,» Րաֆֆի

ԵՐԵՎԱՆ — Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հանգրվանային երկխոսությունը ազգի հետ: Երկխոսությունը տևեց 2,5 ժամ, իսկ ավարտին կողմերը դրական գնահատեցին հանդիպման արդյունքները:

«Ժառանգության» առաջնորդը հրավիրել էր ազգին` բանակցելու երկրի ապագայի մասին և  քննարկելու այն առաջնայնությունները, որոնցով երկիրը պետք է զարգանա առաջիկա մի քանի տարում: Հանդիպման սկզբում Րաֆֆին ներկայացրեց  ճգնաժամից  դուրս գալու եռաքայլ ռազմավարության հիմնական բաղադրիչները` հույս, սեր և հավատ:

«Ժամանակն է ստեղծելու Հայաստանի չորրորդ հանրապետությունը, համալրելու մեր դրոշը ևս մեկ գույնով և հարստացնելու ազգի հոգևոր ներաշխարհը և բարոյականության սանդղակը: Սրանք են այսօր Հայաստանի հրատապ խնդիրներն ու հրամայականը»,- հայտարարեց Րաֆֆին բացման խոսքում: «Մեր քաղաքական զենքն ու ծրագիրն է հույսը, սերը և հավատը, որոնց ի կատար ածման համար հնարավոր ենք համարում բոլոր միջոցների օգտագործումը` առանց բացառության:»

Ազգը մեծ ոգևորությամբ ընդունեց «Ժառանգության» բոլոր առաջարկները: Իսկ համաժողովի վերջում ազգը մի քանի պարզաբանումներ տվեց երկխոսության վերաբերյալ:

«Րաֆֆին ինձ իրոք դուր է գալիս,» նշեց ազգը` մեր թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում: «Շատ պարկեշտ, խելացի, առաքինի  ու… ոնց ասեմ.. շատ դրական գործիչ է, բայց… թե ինչ է փորձում ասել կամ անել, սպանես էլ` չեմ հասկանում:»

«Ժառանգության միակ թույլ կողմը առաջնորդն է»,- ազգ

«Հիանալի կուսակցություն ստեղծեց Րաֆֆին: Գերազանց, ակտիվ, միշտ կանգնած են եղել ժողովրդի կողքին` թե Արմեն Մարտիրոսյանը, թե Զարուհին, թե Ստեփանը Սաֆարյան..  բոլորը,» կիսվում է ազգը: «Ինչ նախաձեռնություն կամ խնդիր է լինում` սկսած բնապահպանական հարցերից, վերջացրած բացօթյա առևտրով, միշտ ամեն ինչում սատար են ինձ կանգնել: Բայց Րաֆֆին… իրոք չեմ հասկանում` ինչ է ուզում այս մարդը…»,- կոմպլեքսավորվելով  նշում է ազգը:

«Վերջին մի քանի ամսում իշխանություններին առաջարկեց 18 աբստրակտ պահանջ, որոնց կնախանձեր Սալվադոր Դալին»,- կատակում է ազգը: «Ինձ ճիշտ հասկացեք. ինձ էլի շատ դուր է գալիս Րաֆֆին, բայց ես, ցավոք, չեմ հասկանում` կոնկրետ ինչ է նա ուզում: Ամենահստակ պահանջը, որ ասել է` «Հայաստան, հրաշք երկիր», անձամբ ինձ` ազգիս, դուր է գալիս, բայց արդյո՞ք դա լուրջ քաղաքական գործչի ծրագիր է կամ ասելու բան: Ես քանի տարվա ազգ եմ, բայց սենց լղոզված ու անհասկանալի պահանջներ չէի տեսել»,- զարմանում է ազգը:

«Կամ էլ էդ դրոշի ու Սահմանադրության փոխելու պահը… Ի՞նչ է կոնկրետ ուզում փոխել այնտեղ: Ինչու՞ հենց հիմա այդ միտքը եկավ…: Բացարձակ չեմ հասկանում…  Ճիշտն ասած, ամենաշատը  «Ժառանգության» պատգամավորների համար  եմ  նեղվում: Ախր շատ հաջող թիմ ա հավաքված, ու  սենց կրակն են ընկել…: Խի՞ պիտի սենց լիներ..»,- թեթև վրդովվում է ազգը:

«Չէ, ես էլի կգնամ հունիսի 4-ի բացօթյա քննարկմանը, բայց լավ կլինի, որ մեր երկխոսությանը զուգահեռ տարվի լրացուցիչ երկխոսություն բանականության և ողջամտության հետ, որպեսզի բոլորիս ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործվեն»,- կես կատակ, կես լուրջ նշում է ազգը:

Փորձագետներն ակնկալում են թեժ քննարկում` ազգի և «Ժառանգության» միջև հունիսի 4-ին` Ազատության հրապարակում: Սակայն, ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, «Ժառանգության» ռազմավարության չփոխվելու դեպքում ազգի էնտուզիազմը կարող սպառվել մեկից երկու ամիսների ընթացքում:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

3 Comments

  1. Arminé Tokhmakhyan via Facebook Arminé Tokhmakhyan via Facebook 24/05/2011

    “Վերջին մի քանի ամսում իշխանություններին առաջարկեց 18 աբստրակտ պահանջ, որոնց կնախանձեր Սալվադոր Դալին” :)))

  2. զարհ զարհ 25/05/2011

    բայց լավ կլինի, որ մեր երկխոսությանը զուգահեռ տարվի լրացուցիչ երկխոսություն բանականության և ողջամտության հետ )))

  3. Mephistopheles Mephistopheles 26/05/2011

    Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտարարեց որ շուտով կմեկնարկի Ծոմ Ազատության երկրորդ արարը, որը կնշանավորվի ոչ միայn բեղի և կերակուրի, այլ նաև զուգարանի ինքնազրկմամբ…

    Ինչպես Րաֆֆին նշեց իր մասնավոր զրույցում that gonna be fucking entertaining or amusing should I say

Մեկնաբանությունները փակ են.