Խաչիկյան՝ «Այդ 113,181,900 դրամ գրպանողը ես չեմ»

«Հազար ու մի աշխատող կա այդ հիմնադրամում.. ինչու՞ հենց ես,» Խաչիկյան

Սոցապահովության հիմնադրամի բազմամյա ղեկավար Վազգեն Խաչիկյանը, որը մեղադրվում է տարիներ շարունակ 59 հազար մահացած թոշակառուների թոշակը գրպանելու մեջ, դատապարտում է բոլոր տգեղ կասկածները: Հիշեցնենք, որ վերահսկիչ պալատը դատախազություն է ուղարկել հաղորդում, որի համաձայն 113,181,900 դրամ դուրս է գրվել հանգուցյալ թոշակառուների անունով, սակայն վերջիններիս այդպես էլ չի հասել:

Խաչիկյանը մեծ զարմանքով և ցավով է խոսում այս դեպքի մասին: «Անկեղծ ասած, ես էլ ձեր պես զարմացած եմ: Այո, ղեկավար էի, այո, իմ վերահսկողության տակ էր այդ հիմնադրամը, այո գումարներ են գրպանվել, բայց ինչու՞ միանգամից դատախազություն և ինչու՞ միանգամից ինձ: Արդյո՞ք ես կոռումպացված չինովնիկի տեսք ունեմ:»

Նախկին պաշտոնյան ընդունում է, որ համակարգում կային խնդիրներ, սակայն  դրանք համակարգված բնույթ չէին կրում: «Հա, մեկ-մեկ պատահում էր, որ հիմնարկից դուրս գալուց հիմնարկի գրիչներից, կամ սոսինձներից կամ էն դեղին sticker-ներից պատահաբար մնում էր գրպանս տանում էի, բայց 113,181,900 դրամ… դժվար: Հաստատ կհիշեի:»

Այժմ Խաչիկյանը գտնվում է Գերմանիայում, որտեղ վերականգնում է առողջությունը անսպասելի մանթրաշից: «Ինձ դեռ երկար ժամանակ կպահանջվի հավատալու, որ իմ հիմնարկում նման բան է եղել: Լավ, հա, անկեղծ ասած, մի անգամ էլ ստեպլերն եմ տարել տուն ու կարող ա…  մի քանի սկոչ, էն լայն սկոչերից, բայց 113,181,900 դրամ.. չե, հաստատ ես չեմ:»

Խաչիկյանի պնդմամբ բացի իրենից հիմնարկում աշխատում են ևս հազար մարդ, և անհասկանալի է թե ինչու են իրավապահները հենց իր վրա կենտրոնացել: «Աշոտ կար մի հատ մեր հարկում: Չախկալ աչքերով: Կարող ա ինքն ա տարել… Իր հայացքը ինձ հենց սկզբից դուր չեկավ: Պահակ էր աշխատում:  Ինչու՞ չի դատախազությունը իրեն կասկածում: Համեստ հանրապետական են գտել, հարձակվել են..», վրդովված ձայնով նշում է Խաչիկյանը:

«Մանր բաները մեկ-մեկ պատահում էր, բայց 113,181,900 դրամ ... չէ, հաստատ չէ,» Խաչիկյան

«Հա լավ, մի անգամ էլ հիմնարկի սենյակի հեռուստացույցի  հեռակառավարման վահանակից էլեմենտներն եմ (մարտկոց – խմբ.) հանել մեր տան պատի ժամացույցի համար, բայց 113,181,900 դրամ…  հաստատ ես չեմ վերցրել:»

Նախկինում երիտասարդ հանրապետականին վրդովեցնում է այն, որ ոչ մի փոստատար կամ գյուղական որևէ համայնքի սոցապ բաժնի աշխատակից չի դիտարկվում որպես հնարավոր հանցագործ այս հարցում: «Ամբողջ համակարգը պոտենցիալ գող ու թալանչի է, բայց թուք ու մուրը փորձում են ինձ վրա թափել: Ազնիվ չէ էլի: Ախր ես էդ հանրապետականը չեմ եղել: Հա, ասենք եթե ֆուրշետ էր  լինում, հնարավոր ա վերջում մնացած սենդվիչները (բուտերբրոդ, բրդուճ – խմբ.) վերցնեի տուն, բայց 113,181,900 դրամ… չէ էլի: Ես էդ մարդը չեմ:»

«Ինչ էլ եղել է, համակարգված բնույթ չի ունեցել: Այն ավելի շատ եղել է սպոնտան.. գուցե ինչ-որ տեղ ռոմանտիկ բնույթ է կրել: Դե, օրինակ, ինչ մեղքս թաքցնեմ, պատահել է, որ երեկոյան բարձր տրամադրությամբ գործից դուրս գալուց մեկ-երկու լամպչկա եմ (լամպ – խմբ.) հանել միջանցքից տան համար, բայց 113,181,900 դրամ.. ուղղակի ծիծաղելի է:»

Խաչիկյանը պատրաստ է պատասխանել դատախազության հարցերին Գերմանիայից վերադառնալուց հետո: «Ես էդ հանրապետականը չեմ, որ 113,181,900 դրամ վերցնի ու… փախչի Գերմանիա: Ասեմ ավելին՝ ես պատրաստ եմ իմ կողմից բյուջե նվիրաբերել այդ գումարը: Եթե պետք լինի հենց վաղը կվաճառեմ Իսպանիայի ամառանոցներից կամ Ավստրալիայի հյուսիսային կղզիներիցս մեկը ու այդ գումարը կփակեմ: Պարզապես ինձ համար մի փոքր վիրավորական է, որ սոցհիմնադրամի հազար աշխատակիցներից հենց ինձ են մեղադրում դրամաշորթության մեջ: Այդքանը:»

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

10 Responses to Խաչիկյան՝ «Այդ 113,181,900 դրամ գրպանողը ես չեմ»

  1. Pingback: Mad Hab via Facebook

  2. Pingback: Laura Avagyan via Facebook

  3. Pingback: Mery Grigoryan via Facebook

  4. Pingback: Hripsime-lyalya Galumyan via Facebook

  5. Pingback: Hasmik Asatryan via Facebook

  6. Pingback: Hasmik Asatryan via Facebook

  7. Genio says:

    Տենց Խաչիկյանները չեն խայտառակում ռեսպուբլիկան էէէ, այլ ռեսպուբլիկայի հերն անիծում են….

    Ու կանիծեն, քանի դեռ ռեսպուբլիկայի քաղաքացիները տենց Խաչիկյանների հերը չեն անիծում…

  8. Garo says:

    Ընենցա կերել, որ բերանը չի փակվում………

  9. Pingback: David Mkrtchyan via Facebook

  10. զարհ says:

    Մեկ սա մեկ Աշոտյա*ը… անտաղանդ, մանկամիտ, կոռումպա-խոճկորներ, տեսնես դրա վրա երբ են քրգործ բացելու ու ինչքան կհասցնի փչացնել ու շորթել: