Press "Enter" to skip to content

Դաշնակցությունը առաջ է քաշում երկաթոռ Նախագահի գաղափարը

Միապալատ խորհրդարանի ընտրությունները դորդուբեշ արեցինք՝ նոր մտքեր են հարկավոր

Վերջերս արտահայտված երկպալատ խորհրդարանի գաղափարը կարող է վերջ դնել Դաշնակցության ընդդիմադիր ֆազային (չշփոթել Լուսնի ֆազաների հետ)։ Արդեն մեկ շաբաթ ՀՅԴ Բյուրոյում շարունակվում է քաղաքական էյֆորիան։ Իշխանությունների կազմակերպած ընտրություններից չափազանց դժգոհ կուսակցությունը ողջունում է այդ նույն իշխանությունների նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարը։ Միաժամանակ կուսակցությունը առաջարկում է սահմանադրական բարեփոխումների հսկա փաթեթ, որը թույլ կտա էլ ավելի մերձեցնել Հայաստանը սփյուռքի հետ։ Մասնավորապես կուսակցությունը առաջարկում է ՀՀ Նախագահի պաշտոնը դարձնել երկաթոռ՝, այսինքն` ունենալ երկու նախագահ՝ մեկը հայաստանցի, իսկ մյուսը սփյուռքահայ։

Երկար սպասված բարեփոխումների շնորհիվ իշխանությունը Հայաստանում կլինի առավել հավասարակշռված և թույլ կտա ԱՄՆ–ի, Ռուսաստանի և ինչու ոչ Թուրքիայի քաղաքացիներին մասնակցել Հայաստանի կառավարմանը, այն պայմանով, որ թեկնածուները հայկական արմատներ կունենան, կամ առնվազն շատ համոզիչ կասեն, որ հայ են։

«Կարծում եմ այս նախաձեռնությունը չափազանց կհետաքրքրացնի ժողովրդի անհոգ կյանքը, մասնավորապես, կընդլայնվի մեր կլանային համակարգը, որն արդեն երկար տարիներ դինամիկայի ծարավ ունի։ Դրա արդյունքում կբացվեն նոր սուպերմարկետներ, բենզալցակայաններ և բազմաթիվ արևմտյան խոհանոցի ռեստորաններ», – վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Մարգարյանը։

Բիլայնը արդեն պատրաստ է հնարավոր բարեփոխումներին

Կուսակցության կարծիքով կբարձրանա նաև Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքերում։ «Հասկացեք, որ երկու Նախագան երկու անգամ ավելի շատ այցեր կհասցնեն անել արտասահման, երկու անգամ ավելի շատ համաձայնագրեր կստորագրեն և երկու անգամ ավելի երկար կխոսեն Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին», – ավելացրեց Մարգարյանը։ Սպասվում է կրկնապատկել նաև Արտաքին գործերի նախարարության կազմը, ստեղծել սփյուռքահայ ոստիկանների ջոկատներ և քաղաքի բոլոր ցուցանակներին պարտադիր ավելացնել արևմտահայերեն տարբերակը։

Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով բարեփոխումները կարող են ունենալ ինչպես դրական այնպես էլ բացասական հետևանքներ՝ «նման կտրուկ փոփոխությունները կարող են դժգոհություններ առաջացնել Հայաստանի ժողովրդի մեջ, սակայն մի պահ պատկերացրեք, որքան ճնշված կլինի ադրբեջանական կողմը, երբ հաջորդ հանդիպման ընթացքում Հայաստանը միաժամանակ երկու Նախագահ ներկայացնի։ Սա կարող է շատ դրական ազդեցությունը ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։»

Համաձայն միջին հավաստիության աղբյուրների Հայաստանի քաղաքական էլիտան խուճապի մեջ է, քանի որ այսօր 11։37 Քիմ Քարդաշյանը Թվիթերով հայտնել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Ստորև բերված է չարաբաստիկ թվիթը (ծլվլոցը)։

Տղաներ և աղջիկներ, Հայաստանը ուզում է երկու Նախագահ ունենալ։ Ինչ եք կարծում արժի՞ ընտրվել։ ԾԲԾ Հա մեկ էլ եղունգներս պետք է սարքեմ։ Պաչիկ–մաչիկներ

4 Comments

  1. Ծովինար Ծովինար Փետրվարի 7, 2011

    Բա մոխրամանը, մոխրամանը :))) Քարդաշյանն էլ պիտի սովորի մոխրաման բռնել, իսկ պատմության մասին գիտելիքներով ոչնչով չի զիջում ներկայիս՝ դաշնակցության համար նախընտրելի նախագահին… Ինչ վատ նախագահ կլինի որ :)))

  2. Harout Harout Փետրվարի 7, 2011

    դզեց :))

  3. Դանիել Դանիել Փետրվարի 7, 2011

    LOOOL Իսկ երկպալատ ընդդիմութուն?

Մեկնաբանությունները փակ են.