Press "Enter" to skip to content

Պարկովշիկների երիտասարդական թևը դատապարտեց Էմոներին

Երիտպարկովշիկների կոնսոլիդացիան ընդդեմ Էմոների

ԵՐԵՎԱՆ Երեքշաբթի առավորտյան հակահայեցի “Էմո” մշակույթի դեմ մոբիլիզացավ Երևանի պարկովշիկների միության երիտթևը, որը երթ անցկացրեց Նալբանդյան փողոցի վրա` կոչ անելով անցորդներին միանալ իրենց պայքարին: Երիտ-պարկովշիկները պահանջում էին հասարակության և իշխանության ներկայացուցիչներից ավելի անհանդուրժող լինել Էմոների նկատմամբ:

Երիտթևի Արաբկիրի ճյուղի ներկայացուցիչ Միսակ Վարդապետյանը վստահ է, որ Հայաստանի զարգացումը հիմնականում խաթարվում է նրանց պատճառով: “Իմ ծնողները դրա համար չեն ամբողջ կյանքը նվիրել մեքենաները գեղեցիկ կայանելուն, որպեսզի ինչ-որ մանուշակագույն մշակույթ փորձի աղավաղել քաղաքի դեմքը: Կարծում եմ դրանք ակնհայտ հակաազգային տարրեր են և հասունացել է ժամանակը, որ Էմոները ճանաչվեն ընդդիմադիր և ենթարկվեն այդ հոդվածով սահմանված բռնությունների”, ներկայացրեց Վարդապետյանը լրագրողներին:

Մոտ 70-հոգանոց երիտթևի միության երթին միացավ նաև Երևանի մարշրուտկաների վարորդների երիտթևը: Մոտ 80-հոգանոց մարշրուտավարների  երիտթևը բարձրախոսներով և բութ գործիքներով դատապարտում էր երկու դեռահաս Էմոների խաչմերուկի մոտ, երբ նրանց օգնության հասավ երիտպարկովշիկների գունդը:

Ակցիան հասավ իր գագաթնակետին, երբ նախագահական նստավայրի մոտ այս երկու խմբերին միացավ նաև Հայաստանի թոշակառուների երիտթևը` 43-ամյա ՍոցԱպ-ի կրտսեր անդամ Սմբատ Սաիյանի գլխավորությամբ: Նա նշեց` “Մենք այստեղ ենք, որովհետև անտարբեր չենք մեր ազգի նկատմամբ, որովհետև էմոցիոնալ հայը դա թուրք է, որովհետև մանուշակագույն Էմոները աղավաղում են Երևանի թամանյանական վարդագույն տեսքը և ի վերջո ինչու ինչ-որ մեկը պետք է փորձի մյուսներից տարբերվել` դա սատանիզմ է”:

"Էմոները սատանայի պատվիրակներն են" փորձագետ

Հոգեբան և այս հարցերում հարմար խոսնակ Կարինե Նալչաջյանը բացատրում է այս տրամադրությունները սովորական հայրենասիրությամբ: “Որպես հոգեբան ինձ համար ակնհայտ է, որ նրանք /Էմոները — հեղ./ սատանայի պատվիրակներն են, որոնք փորձում են սերմանել չարիք և ընդդիմադիր տրամադրություններ` հուդամասոնների տրամադրած գումարների հաշվին,” նշեց փորձագետը:

Արթուր Մամյանը` 15 տարեկան Էմո, կիսվում է իր տպավորություններով կապված երիտթևերի դատապարտման հետ` “Անկեղծ ասաց, ես երբեք չէի լսել Էմոների մասին մինչև ոստիկանությունը և ամեն ինչի երիտթևերը չսկսեցին դատապարտել նրանց: Ես պարզապես շատ ազատ ժամանակ ունեմ, քանի որ դեռ չեմ աշխատում և ուզում էի մի հոբի գտնել: Իսկ եթե կա մի բան որին այդքան դեմ է պարկովշիկների երիտթևը, դա միանշանակ հետաքրքիր է և այդ պատճառով միացա Էմոներին”:

"Պարկովշիկների ակցիաները ավելի հետաքրքիր են դարձնում Էմո լինելը"

Փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը հրաժարվեց մեկնաբանել` ” Ես ավելի շատ քաղաքական գործընթացների փորձագետ եմ, քան նման հարցերի: Ամեն դեպքում չեմ գարծում, որ Էմոները որևէ ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան կամ հայ-թուրքական գործընթացների վրա:”

Օրվա ակցիան ավարտվեց ուշ երեկոյան Ջազվեյում: Պարկովշիկների երիտթևը ընդունեց հռչակագիր, որով կրկնապատկվում է մեքենաների կայանման վարձը բոլոր Էմոների, վամպիրների, գոթերի կամ պահի տակ էմոյի տպավորություն թողնող տխուր մարդկանց  նկատմամբ: Մյուս երիտթևականները ևս համաձայնվեցին շարունակել մանր խուլիգանությունները սև գույնից տարբերվող շորեր հագնողների նկատմամբ:

Որոշ աղբյուրների համաձայն պարկովշիկների կոալիցիային արդեն մոտակա ժամանակներում կարող են միանալ Երևանի վերնիսաժի վետերանների երիտթևը, Շաուրմայանոցների երիտասարդական միությունը և Երևանի պետական Ճարտարագիտական համալսարանի պահակի երիտթևը: