Press "Enter" to skip to content

«Առավոտ»–ը մեր մասին

«Առավոտ» թերթի երեկվա համարում մեր մասին հոդված էր գրել։ Այսօր հոդվածը տեղադրվեց նաև «Առավոտ»–ի պաշտոնական կայքում։

Շնորհակալություն ենք հայտնում Եվային պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

«ՄԵՆՔ ՈԳԵՇՆՉՄԱՄԲ ԵՆՔ ՁԵՌՔ ԱՌՆՈՒՄ, ՈՉ ԹԵ ՊԱՏՎԵՐՈՎ»

Մի քիչ սահմանն անցնում են, մեկ քայլ առաջ գնում, փակագծերը բացում…

«Այս տարի հուլիսին լրանում է Արաբկիր համայնքի բնակիչ Արմեն Արիստակեսյանի 25 տարին, իսկ նա դեռ կույս է: Արմենը անապահով ընտանիքից է եւ չի կարող իրեն թույլ տալ վճարովի սեքս. եթե ունեք ծանոթ դոնոր կին, կամ կարող եք օգնել գումարով, խնդրում ենք գրել armcomedy@ gmail.com հասցեով: Յուրաքանչյուր րոպեն կարեւոր է, քանի որ Արմենին դաժանորեն ձեռք են առնում ընկերները:

Հ. Գ. Արմենը նախընտրում է սովորականից մեծ կրծքով կանանց. նման ծանոթ ունենալու դեպքում խնդրում ենք ՇՏԱՊ կապվել մեզ հետ»,- այս հաղորդագրությունը «Առավոտը» ստացել է www.armcomedy.com-ից, որն ուղարկել էր նաեւ կույս երիտասարդի լուսանկարը՝ «Օգնեք հայ երիտասարդին» մակագրությամբ»:

Չեմ կարող ասել, թե քանի հոգի է լուրջ վերաբերվել կույսին փրկելու առնչությամբ տարածված հաղորդագրությանը, բայց ամեն դեպքում «Առավոտը» գնաց նրա հետքերով: Պարզեցինք, որ Արմենի համար դոնոր փնտրողները Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն են, որոնք armcomedy.com հումորային կայքի հիմնադիրներն են: Մեզ հետ զրույցում տարածած հաղորդագրությունը՝ հումորը, Սերգեյն այսպես մեկնաբանեց. «Այդ հայտարարությունը, որն ուղարկվել էր ԶԼՄ-ներին, մեր կողմից նոր քայլ էր, հայտարարության նոր ֆորմատ, որն ուղղակի ներկայացնում է մեր հասարակության ընդհանուր պատկերը: Դա տեսնելով՝ շատ մարդիկ կտեսնեն իրենց եւ հետո հումորն ինչքան շատ է իրականությունից վերցված՝ այնքան ավելի ծիծաղելի է: Այդ նկարը մեծ արձագանք ստացավ, որովհետեւ իր հետ ազատականություն է բերում: Ընդհանրապես այն, ինչ կոմպլեքսավորվածության արդյունք է Հայաստանում՝ մենք փորձում ենք դրա վրա ծիծաղել, որ կոմպլեքսներն անցնեն. ծիծաղում ենք եւ այդկերպ փորձում Հայաստանը դարձնել ավելի ուրախ երկիր եւ հումորի տարածաշրջանային առաջատար: Նշեմ, որ հայտարարության հետ կապված տարբեր տեղերից արձագանքներ եղան: Նույնիսկ գտնվեցին մարդիկ, որոնք ոգեւորվել եւ առաջարկում էին դոնորներ, գումար տրամադրելու ակնարկներ էլ եղան: Բայց կային նաեւ մարդիկ, ում կարծիքով՝ դա պարզապես մարազմ էր»:

Նարեկի ձեւակերպմամբ էլ, քանի որ վերջերս շատ ակտուալ է դարձել սոցիալական կայքերի միջոցով հարցեր լուծելը, օրինակ՝ այգի պաշտպանելը, ինչ-որ ստորագրահավաք անելը եւ այլն, իրենց մտածածը նոր բան է՝ «մեր արածը սոցիալական կայքերի միջոցով հարցեր լուծելուն ուղղված հեգնանք է, որովհետեւ մարդիկ փորձում են բոլոր կարեւոր հարցերը ինտերնետով լուծել»:

Ըստ մեր զրուցակիցների, armcomedy.com-ը հիմնադրվել է անցյալ տարի, այսինքն՝ այն ժամանակ, երբ, երիտասարդների խոսքերով, իրենք զգացին, որ Հայաստանում հումորի բնագավառում ինչ-որ բան պակասում է:

Նարեկի խոսով՝ կայքը ստեղծելիս որպես առաջին եւ գլխավոր միտք դրված է եղել հետեւյալը. «Հայաստանյան ինտերնետում չկար օրիգինալ հայկական հումորային կայք: Այսինքն՝ կային մի քանիսը, բայց դրանք կամ միայն անեկդոտներ են տեղադրում, կամ էլ ուրիշ կայքերից վերցված վիդեոներ: Իսկ մենք վերցրինք նորությունների կայքի ֆորմատը: Գրում ենք նորություններ, որոնց բովանդակային մասը, իհարկե, ճշմարտության վրա է հիմնված: Կարծում եմ, ինչքան ճշմարտությունը շատ է, այնքան ավելի ծիծաղելի է նյութը դառնում. ավելացնում ենք նաեւ ֆանտազիայի տարր, այսինքն՝ աբսուրդացնում ենք առանց այն էլ աբսուրդ մտքերը, որոնք կան: Մեզ մոտ, բացի հոդվածներից, կա նաեւ ծաղրանկարների բաժին, նաեւ վիդեո նյութեր ունենք: Սոցիալական գովազդների շարք սկսեցինք, որը մարդկանց շատ դուր եկավ: Այսինքն՝ բարձրացնում ենք այն հարցերը, որոնց մասին մարդիկ հաճախ նախընտրում են չխոսել»:

Սերգեյն էլ հավելեց՝ «պարզապես վերլուծում ենք առկա ակտուալ նորությունները, գտնում ամենահրատապները եւ փորձում դրանք մեկնաբանել, մի քայլ առաջ գնալ, ասել այն, ինչ ասված չէ, մենք մի քիչ սահմանը անցնում ենք ու փակագծերը բացում: Նշեմ նաեւ, որ օրական 500-1000 մարդ է այցելում մեր կայք: Կայքը թարմացվում է շաբաթը երեք անգամ»:

Նարեկի փոխանցմամբ էլ, կայքում տեղադրված նյութը կախված է թեմայի ակտուալությունից՝ «միայն հայկական նորությունների վրա չենք կենտրոնանում, աշխարհում ամեն վայրկյան ծիծաղելի բաներ են տեղի ունենում: Ինչպես բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ մենք անդրադառնում ենք բոլոր ոլորտներին. Օրինակ, անդրադարձել էինք այն հարցին, երբ Գոռ Վարդանյանը դարձավ քաղաքապետի մշակույթի եւ սպորտի հարցերով օգնական. կարծում եմ՝ չէր կարելի դրան չանդրադառնալ, որովհետեւ հեգնանքն այստեղ ակնհայտ է: Անդրադառնում ենք նաեւ Ադրբեջանին, Թուրքիային, նրանց վարած քաղաքականությանն ու քայլերին: Քաղաքականությունից բացի, գրել ենք նաեւ կրոնի մասին»:

Հարցին՝ կայքում տեղադրված որեւէ նյութի հետ կապված երբեւէ ճնշումներ եղե՞լ են, որովհետեւ հիմնականում ծաղրում եք, տղաներն ասացին. «Մի անգամ եղավ, բայց ճնշողն ինքն ավելի շատ էր վախեցած եւ երկար չշարունակեց, պարզապես ցանկացավ իրեն ցույց տալ՝ comment-ներ թողնելով»: Ըստ Նարեկի՝ եղել է նաեւ դեպք, երբ անդրադարձել են որեւէ քաղաքական թեմայի, ինչն էլ որոշ մարդկանց հետաքրքրությունն է շարժել. «Փորձել են պարզել՝ արդյո՞ք որեւէ քաղաքական պատվեր ենք կատարում, կամ ինչ-որ կողմ ենք պաշտպանում: Բայց կայք այցելելով՝ կտեսնեք, որ մենք առանց խտրականության անդրադառնում ենք թե ընդդիմությանը, թե իշխանությանը: Կայքի հաջողության գրավականը նրանում է, որ մենք մեզ երբեք չենք դավաճանում, եւ կան ընդհանուր գաղափարներ, որոնցից ամենակարեւորներից մեկը բացարձակ անկողմնակալությունն է. կրկնում եմ, մենք ոչ մի կողմի չենք պաշտպանում ու ինձ թվում է՝ մարդիկ հենց դրա համար են մտնում մեր կայք, որովհետեւ արդեն հոգնել են ԶԼՄ-ների կողմնակալ վիճակից»: Սերգեյն էլ, շարունակելով Նարեկին, ավելացրեց՝ «Քաղաքական պատվերը մեր մանդատից ու հետաքրքրությունից դուրս է: Մենք ոգեշնչմամբ ենք ձեռք առնում, ոչ թե պատվերով»:

Հավելենք, որ կայքում կան նաեւ անգլերեն հոդվածներ, ինչը, ըստ պատասխանատուների, դրական արձագանքների է արժանացել օտարերկրացիների կողմից:

Հայկական հումորային հաղորդումները գնահատելով՝ մեր զրուցակիցներից Նարեկն ասաց. «Հումորի վիճակը մեզ մոտ շատ վատ է, հաղորդումները ահավոր վատն են, մեկ-մեկ ինձ ստիպում եմ, որ նայեմ՝ պարզապես տեղյակ լինելու համար: Այնքան արտասահմանյան որակով բաներ կան նայելու, որ ափսոս է ժամանակդ վատնես հայկականի վրա»:

Սերգեյն էլ նշեց. «Ես դատապարտում եմ այսօրվա հայկական հումորային հաղորդումները: Ուզում եմ ասել, բացի մեր մյուս պրոբլեմներից՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, դրանք խամրում են մեր շոու- բիզնեսի, հումորի բնագավառի կողքին: Ինտենսիվ տաղանդի բացակայությունը ծածկում եւ ստվեր է գցում մեր բոլոր մյուս խնդիրների վրա»:

Նշեմ նաեւ, որ Նարեկն ու Սերգեյը, բացի կայքը վարելուց, «Standup Comedy» ժանրում որոշ ակումբներում ելույթներ են ունենում ու այդ նյութերը նույնպես տեղադրվում են կայքում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

http://aravot.am/am/articles/entertainment/80068/view

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.