Press "Enter" to skip to content

ԱԺ. Աղջիկներին կարգելեն մոլորության աստիճանի հաջողված profile picture տեղադրել

ԵՐԵՎԱՆ — Խորհրդարանական կուսակցությունները աշխատում են նոր օրենսդրական փաթեթի վրա, որով աղջիկների կարգելվի մոլորության աստիճանի հաջողված լուսանկարներ տեղադրել սոցիալական ցանցերում։

«Այդպիսի նկարներով հաճախ անիրատեսական սպասումներ են առաջանում տղաների մոտ, ինչը իր հերթին բերում է խորը հիասթափության։ Իսկ քանի որ ցանկացած հիասթափություն այս օրերին ասոցացվում է մեր քաղաքական ուժի հետ, այդպիսով ատելություն է գեներացվում նաև Իմ Քայլի նկատմամբ։ Ինչը մեղմ ասած անարդար է»,- նշեց ԱԺ գիտության, կրթության, տիկտոկինգի, սփյուռքի, երիտասարդության եւ բյութի բլոգգինգի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Զարմանալի է, բայց ընդհանուր առմամբ խմբակցությունները կարծես կոնսենսուսի են հասել այս հարցում՝ մի քանի վերապահումներով։ «Նշված տնտեսական պայմաններում շատ կարևոր է բիզնեսին աջակցել։ Իսկ մոլորության աստիճանի հաջող լուսանկարները առնվազն 1 ժամադրության են բերում, այդ ժամադրությունն էլ ինչ-որ մի սրճարանում կամ կինոթատրոնում է տեղի ունենում։ Եթե այնպիսի ճանապարհ գտնենք, որ բիզնեսը չտուժի, իհարկե կարգելենք այդ լուսանկարները»,- ճեպազրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա խոստովանեց, որ ինքն էլ է տարիներ առաջ մոլորության աստիճանի հաջող լուսանկարի զոհ դարձել։ «Ինչպես ասում են Me too՝ սիրելի գործընկերներ, me too»։

Լուսավոր Հայաստանում նույնպես դրական են վերաբերվում առաջարկին, սակայն պատգամավոր Անի Սամսոնյանին դուր չի եկել օրինագծի խտրական բնույթը. «Կարծում եմ XXI դարում չի կարելի այսպես կոպտորեն խախտել գենդերային հավասարակշռությունը։ Տղամարդիկ նույնպես օգտվում են մոլորության աստիճանի հաջողված լուսանկարներից և անհասկանալի է ինչու ենք թիրախավորում կանանց»։

Օրինագիծը դրական եզրակացություն է ստացել և խորհրդարանը արտահերթ նիստ կհրավիրի այն շուտափույթ անցկացնելու համար։