Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ. Իշխանությունը պահանջում է ձևավորել ՈՉ-ի շտաբ

ԵՐԵՎԱՆ — Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը կգլխավորի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Սակայն մինչ օրս թափուր է մնում «ՈՉ»-ի շտաբի հաստիքը։

«Համ Լուսավորը մեր վրայից թռավ, համ Բարգավաճը բռնեց ու քաշեց։ Ոչ ոք չի ուզում լինել «ՈՉ»-ի շտաբ»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Իշխանությունը, — «սենց որ գնա, պտի սկսեն վնգստալ թե հանրաքվեն ժողովրդավար չի»։ Իշխանությունը մի փոքր էլ ժամանակ է տալիս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին կոնսոլիդացվել։ «Եթե պետքա մենք իրանց մի երկու յուղոտ փաստարկ կտանք, որ մեր դեմ օգտագործեն, բայց գոնե թող մի քիչ գոռգոռան»,- նշում է Իշխանությունը։

«Իմ քայլը» լրիվ իրական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը այսօր ֆեյսբուքում կիրառել է այկիդո մարտարվեստի հնարք՝ փորձելով այդուհանդերձ ներգրավել ընդդիմությանը հանրաքվեում, սակայն ընդդիմությունը շարունակում է ննջել հայտնի միասմբակ կենդանու ականջում։

Մեզ հետ զրույցում Իշխանությունը չբացառեց ամենածայրահեղ տարբերակը. «Եթե «ՈՉ»-ի շտաբ չձևավորվի, ստիպված կլինենք ներգրավել նախկին թալանչի ռեժիմին»։