Press "Enter" to skip to content

Սանիթեք. «Ձմերուկ քիչ զխտկվեք»

ԵՐԵՎԱՆ — Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է երևանցիների արդեն բազմիցս հայցված ներողամտությունը։

Ընկերությունը խնդրել է քաղաքի բնակիչներին մոտակա 4-5 շաբաթների ընթացքում զերծ մնալ աղբը Երևանի տարածքում թափելուց։ «Երևանը 20-ից ավելի քույր քաղաքներ ունի։ Տարեք աղբը էդ քաղաքներում թափեք մոտ օրերին։ Էլ ի՞նչ քույր քաղաքը եթե դժվար օրին օգնության ձեռք չմեկնի»,- նշեց Սանիթեքի մասնագետ Զիբիլենկո Տեր-Գարբիջյանը։ Նա պարզաբանեց, որ աղբը թափելու համար շատ հարմար քույր քաղաքներ են Թբիլիսին, որը «գրեթե կպած է», Վենետիկը «որտեղ մեկա սաղ ջուր է, որ ոչ մեկ չի նկատի» և Անտանանարիվուն՝ «որի անունը միևնույնն է ոչ ոք չի արտասանի»։ «Կարող եք Եգիպտոս ու Հունաստան էլ տանեք ձեր հետ աղբը՝ սենց թե նենց ամբողջ օրը այնտեղ եք գնում-գալիս»,- հավելեց Տեր-Գարբիջյանը։

Սանիթեքը նշեց, որ 4-5 շաբաթների թեթևացումը թույլ կտա կարգավորել աղբահանությունը քաղաքում։ «Մեկ էլ ձմերուկ քիչ զխտկվեք»,- հորդորեց Զիբիլենկոն, նշելով, որ «դրա հոտը անտանելի է»։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.