Press "Enter" to skip to content

Նոր ավագանին ավելի դուրեկան ձևով բացատրեց ինչու վերելակները չեն վերանորոգվի

Աննախադեպ քայլ՝ նոր ավագանին ժպտում է

ԵՐԵՎԱՆ — Երևանի նոր ավագանին ամփոփեց 2019թ. բյուջեն, որը կրկին փաստում է, որ որևէ էական բարեփոխումներ քաղաքի վերելակները այս տարի չեն ապրի։ Սակայն լրագրողներն ու ֆեյսբուք օգտատերերը համամիտ են, որ նոր ավագանին դա արեց ավելի հաճելի և դուրեկան ձևով։ «Այո վերելակները նույն անմխիթար վիճակում կմնան, կշարունակեն մարդկանց կյանքի համար վտանգ մնալ, սակայն այնքան կիրթ ու սիրուն են բացատրում, որ մյուս տարվա վրա հույս չունենաք, որ ես պատրաստ եմ մի երկու տարի էլ համբերել»,- ասում է նախկին քաղաքապետարանին դաժանորեն քննադատած ՖԲ օգտատեր Պայքար Քաղաքյանցը։

Մեկ այլ նախկին քաղաքապետարանի կոշտ քննադատ Արմեն YerevanJan Մուրադխանյանը ասում է՝ «Հլը փորձվեր Տարոնը բյուջեյում էսքան գործուղումների ծախս նախատեսեր։ Էնքան ստատուս կգրեի՝ բմբլահան կլիներ։ Բայց ախր էս նոր ավագանին էնքան ինտելիգենտ ձևովա բացատրում էդ շռայլ ծախսերը, էնքան հաճելի արտաքինով, որ մատս չի պտտվում ոչնչացնող ստատուս հավաքեմ»։

Որոշակի քննադատություն հնչեց ավագանու «Լույս» դաշինքից, սակայն այն հիմնականում անտեսվեց, քանի որ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանիները դիմեցին աննախադեպ հնարքի՝ նրանք ժպտում են։ «Նման հնարքները պետք է դաղալություն որակվեն։ Նախկին ավագանին էնքան չէր ժպտում, որ հիմա մարդկ բացի ժպիտից ուրիշ բան չեն նկատում։ Օրինակ տրանսպորտը հիմնականում անփոփոխ կմնա, գիտեի՞ք»,- բողոքեց «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։