Press "Enter" to skip to content

Վաղաժամ վահանակապատում քարոզարշավի նախաշեմին

Սրանք Նոր Հայաստանի լուսավոր ընտրախախտումներ են

ԵՐԵՎԱՆ — Թեև նախընտրական քարոզարշավը մեկնարկում է նոյեմբերի 26-ին, Հայաստանի տարբեր անկյուններում արդեն կարելի է նկատել վաղաժամ տեղադրված նախընտրական վահանակներ։ Կուսակցությունները սակայն պնդում են կատարվածը որևէ նմանություն չունի նախորդ իշխանությունների արատավոր գործելաոճի հետ։ «Սա ընտրախախտում էլ չի կարելի անվանել»,- նշում է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «ուղղակի ժամանակից մի փոքր շուտ մեր լուսավոր ժպիտներով որոշեցինք լուսավորել մեր քաղաքացիների գործից տուն մռայլ գնալ-գալը։ Ինչ-որ առումով սա նվեր է ժողովրդին»։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը կոչ արեց հիշել նախորդ իշխանությունների խախտումները. «ինչ արագ մոռացաք նախորդ իշխանությունների գործելաոճը, երբ յուրաքանչյուր դպրոցի դիմացը, վրան և մեջը հանրապետականի քարոզչություն էր։ Այ հենց էս ընտրություններից հետո դա արմատախիլ կարվի։ Մեր 2-3 վահանակի կամ վարչական ռեսուրսի աննշան չարաշահումի հետևից եք ընկել։ Ամոթ է՝ նստեք ու հիշեք անցյալը»։

Տպարանում վերջացել էր գունավոր ներկը

Հանրապետական կուսակցությունը հպարտությամբ նշում է, որ ոչ մի վահանակ դեռ չի փակցրել. «Մեր վահանակները այնքան անդուր են ստացվել, որ չենք ցանկանում միանգամից ընտրողի տրամադրությունը գցել։ Երևի արդեն սոցցանցերում տեսած կլինեք»,- փոխանցեց ՀՀԿ ցուցակով առաջադրված Արփինե Հովհաննիսյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ որևէ կերպ չի արձագանքել վաղաժամ պաստառներին։ «Շատ անհասկանալի իրավիճակ է, եթե առաջ կարելի էր զանգել ու ճշտել ինչպես վարվել, հիմա ամեն օր պնդում են, որ մեզ մի զանգեք։ Առանց զանգելու էլ մի տեսակ անհարմար է»,- նշեց ԿԸՀ անդամներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ։

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.