Press "Enter" to skip to content

Ընտրողների բազմաթիվ խնդրանքներով ՕԵԿ-ը կմասնակցի ԱԺ ընտրություններին

«Բռավո՛, Օրինաց» մտքում բացականչում են մեր երկրպագուները

ԵՐԵՎԱՆ — Օրինաց Երկիր կուսակցության գրասենյակից այսօր հայտարարեցին, որ երկար մտորումներից, ծանրութեթևից հետո՝ ընդառաջելով միլիոնավոր ընտրողների հորդորներին, խնդրանքներին և ինքնասպանության սպառնալիքներին կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Բացեմ մի գաղտնիք՝ Արթուր Բաղդասարյանը որոշել էր, որ այս անգամ ՕԵԿը բաց կթողնի ընտրությունները։ Մեր բոլորիս հորդորներն էլ չէր լսում։ Մինչև հարյուրավոր նամակներով լի պարկերից չհանեց 6 ամյա Արսենչիկի նամակը ու ընթերցեց այն։ Ես առաջին անգամ էի տեսել մեր առաջնորդին հուզված։ Հենց այդ նամակը ստիպեց վերանայել որոշումը»,- պատմում է կուսակցության հնաբնակ Հեղինե Բիշարյանը։

«Սիրելի ընկեր Արթուր,

Այս իսկական նամակը Ձեզ է գրում Արսենչիկը Երևանից։ Սովորում եմ առաջին դասարանում ու գտնում եմ քաղաքական դաշտում առկա է մի հսկա բաց, որը միայն ձեր շիտակ տեսակով կարելի է լրացնել։ Խնդրում եմ մասնակցեք, եթե ոչ հանուն ինձ, ապա հանուն տատիկիս ավանդների, որոնց վերադարձի միակ իրատեսական հույսը Դուք եք՝ Արթուր ձյաձյա։

Սիրով՝ միջին խավի ներկայացուցիչ՝ Արսենչիկ

Հ.Գ.՝ իսկական 6-ամյա տղա»

Կուսակցության մեկ այլ վաղեմի անդամ Մհեր Շահգելդյանի կարծիքով չի կարելի Արսենչիկի և միլիոնավոր այլ իսկական երկրպագուների խնդրանքները անպատասխան թողնել։ «Այո, այս հեղափոխությունը արդեն իրականություն է։ Քանի որ մենք հենց առաջին օրերից էինք աջակցել, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Բայց մարդիկ ուզում են, որ մենք այսքանի վրա կանգ չառնենք։ Ինձ օրական 2000-ից ավել մեսիջներ են գալիս լռիվ իսկական Ֆեյսբուք օգտատերերից ու բոլորը նույն բանն են աղաչում՝ մասնակցե՛ք, մասնակցե՛ք։ Հիմա մեր սիրտը քարից չի չէ՞»,- անկեղծանում է Շահգելդյանը։

Սահմանված ժամկետում կուսակցությունը կդիմի ԿԸՀ հոբելյանական 100-րդ ընտրությանը մասնակցելու նպատակով։