Press "Enter" to skip to content

Հոգեբաններն ու սնապաշտները մտահոգված են Լույս դաշինքի նկարներով

Հնարավոր է, որ թեկնածուները պարզապես մրսում են

ԵՐԵՎԱՆ — Լույս դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հրապարակել է թեկնածուների լուսանկարները։ Անզեն աչքով էլ երևում է, որ թեկնածուները լուսանկարվել էն գրեթե նույն դիրքով, ինչը մտահոգություն է առաջացրել թե՛ սնապաշտ համայնքում, թե՛ հոգեբանների մոտ։

«Գործերի վրա խաչ են քաշում»,- անհանգստանում է 78-ամյա Ամալյա տատիկը, ով տարիներ շարունակ զբաղվում է թեկնածուների իմիջմեյքինգով։ Նրա պնդմամբ այդ դիրքը մոլորեցնող էներգետիկա է ուղարկում Տիեզերք, ինչը կարող է Տիեզերքի մոտ շփոթություն առաջացնել՝ «Տիեզերքը կմտածի էս մարդիկ չեն ուզում անցնել ավագանի ու կնպաստի դրան»։

Վերլուծությունը մասամբ հաստատում է հոգեբան Նինա Զիգմունդյանը՝ «ժեստերի լեզվով այդ շարժում պատնեշ է խորհրդանիշում։ Լույս դաշինքը կարծես մեկուսացնում է իրեն ընտրողից՝ ցանկանում է միայնակ մնալ»։

«Սուգ են բռնե՞լ, ի՞նչ են արել»,- հավելում է սնապաշտաբան Վախթանգ պապիկը։ Իսկ սնապաշտագետ Ռուբինան նոր անսպասելի շրջադարձ է ի հայտ բերում՝ «Տանը կմնան»։

Քանի հոգեբանների և սնապաշտների համայնքները շարունակում են բուռն վիճել լուսանկարների շուրջ ու նորանոր տեսություններ առաջարկել, քննարկմանը միացավ ադեկվատ սկեպտիկների համայնքը։ «Գուցե ուղղակի լուսանկարիչը այդքան էլ կրատիվ չի եղել ու կեսից շատին նույն դիրքովա նկարել»,- նշեց Հարութը, ադեկվատ, ծրագրավորող տղա։

Մենք ուշի ուշով կհետևենք դեպքերի զարգացումներին ու կհաղորդենք նոր բացահայտումների մասին։