Press "Enter" to skip to content

Անհաջող լուսանկարներով անձինք հասարակության լիիրավ անդամ են

Գիտությունների դոկտորներն էլ «կապոտին» պպզելու իրավունք ունեն

ԵՐԵՎԱՆ — Համացանցում բուռն իրարանցում է առաջացրել Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելը։ Շրջանառվող լուսանկարներից մեկում Գոգյանը անկաշկանդ և արհեստավարժ պպզել է կանաչ գույնի մեքենայի «կապոտին»։ «Գուցե այդ նկարից հետո դժվարությամբ հավատաք, բայց պարոն Գոգյանը իսկապես փայլուն մաթեմատիկոս է, բոլորովին վերջերս է պաշտպանել դոկտորականը։ Ո՞ր մեկս չունի առնվազն 1-2 կասկածելի լուսանկար»,- նշում է կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը։ «Անհաջող լուսանկարներով անձանց նկատմամբ խտրական մոտեցումը անթույլատրելի է, մանավանթ սմարտֆոնների դարում, երբ յուրաքանչյուրս կարող է դառնալ այդպիսի լուսանկարի զոհ»։

Լուսանկարը ջերմ ողջունել է Հայաստանի քյարթ համայնքի ղեկավար Հարութիկ Կարախանյանը՝ նա գտնում է, որ լուսանկարը կարող է խթան հանդիսանալ բոլոր այն ռաբիս երիտասարդներին, ովքեր մինչ օրս խուսափում էին տրվել գիտությանը։ «Մեր ախպերը էնքան տոշնիա պպզել կապոտին՝ մարդու քեֆա գալիս։ Մի հատ նայեք՝ կրունկները կպած են, ձեռքերը իդեալական կախված՝ ոչ մի ավելորդություն։ Հորս արև, չէի հավատա, որ գիտնակամ տղայա»,- նշվում է ՀՔՀ հաղորդագրության մեջ։

Մեր տեղեկությունների համաձայն ԲՈՀ-ը արդեն առավոտվանից ստանում է ատենախոսություն պաշտպանելու դիմումներ հիմնականում Շենգավիթ համայնքում բնակվող 24-30 տարեկան երիտասարդներից։ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը չի բացառում, որ նույնպես կհրապարակի մի անհաջող լուսանկար, որպես սոլիդարության նշան։ «Մի հատ հին ֆոտո կա, որտեղընկերներս ակվալանգի մեջ գարեջուր են լցնում, ես էլ անուշ եմ անում։ Դե երիտասարդ էինք, Սոչիում էինք…»,- վերհիշում է Մխիթարյանը։