Press "Enter" to skip to content

Ոստիկանությունը արդեն մեկ շաբաթ է պայքարում է կոռուպցիայի դեմ

Օսիպյան. «Խնդրում ենք ռեզյումեներ ուղարկեն կոռուպցիայի հետ պայքարի փորձ ունեցող բոլոր անձինք»։

ԵՐԵՎԱՆ — Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ Ոստիկանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Այս շրջադարձի մասին նշանակումից անմիջապես հետո հարցազրույցում հայտարարեց նոր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ «Ես պատրաստ եմ այսօրվանից պայքարել կոռուպցիայի, անպատժելիության դեմ»։

Ոստիկանությունում արդեն գաղտնազերծել են կոռուպցիային վերաբերող քրեական օրենսգրքի բաժինը, որը նախկինում փակ էր հասարակ ոստիկանների համար։ «Բա ինչի՞ մի կես բերան չէին ասում, որ էս ամենը անօրինականա»,- տարակուսում է ավագ սերժանտ Ա. Գ.-ն։

«Կոռուպցիայի և անպատժելիության դեմ պայքարը սկզբում կարող է մի փոքր անսովոր թվալ համակարգի հնաբնակներին, սակայն պետք է ազատվել նախապաշարմունքներից ու բարդույթներից և  ուղղակի փորձել։ Փորձը փորձանք չի»,- նշում է հոգեբան Նարինե Կալչաջյանը, ով արդեն մեկ շաբաթ է աշխատում է ամենախորը ֆոբիաներ ունեցող ոստիկանների հետ։ «Առաջին մի քանի օրը, մենք աշխատում ենք գոլդ համարանիշներով թանկ մեքենաների հետ։ Արդեն տասնյակ ոստիկաններ այդ մեքենաները տեսնելուց փողոցը չեն անցնում»,- հպարտությամբ կիսվում է հոգեբանը։

Այս համարձակ որոշումը բարձր գնահատեցին Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին աջակցող մի շարք միջազգային կառուցներ՝ ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ, ԵԱՀԿ և ձեռքի հետ Խորվատիայի դեսպանատունը։ «Մի քիչ անհասկանալի է, մեր նախորդ դրամաշնորհների հետ ինչ եղավ, եթե ասում են, այսօրվանից են սկսում պայքարը կոռուպցիայի դեմ, բայց ոչինչ՝ կարևորը սկսեն»,- նշեց միջազգային փորձագետներից մեկը՝ «տենց մեծ դրամաշնորհներ էլ չէին՝ մի քանի միլիոն եվրո»։

Կոռուպցիայի ու անպատժելիության նվազումը ակնկալվում է արդեն մոտակա օրերին։