Press "Enter" to skip to content

Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի

«Gayushik Mersum Kyanq» օգտատերը սպառնում է ջնջվել Ֆեյսբուքից։

ԵՐԵՎԱՆ — Գործող կառավարության վերջին նիստի ընթացքում քննարկվեց օր օրի շատացող մերսման սրահների հիմնախնդիրը։ Շարունակելով աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի տրամաբանությունը՝ կառավարությունը մտադիր է խստացնել նաև ձախլիկ մերսողների մուտքը երկիր։ «Մերսողների ճնշող մեծամասնությունը աջլիկ է, այսինքն ձախակողմյա մերսողները կարող են անզգուշորեն մարմնական վնասվածքներ պատճառել մերսվողներին։ ԵՎ այն ինչ պետք է լիներ «երջանիկ ավարտ» կարող է վերածվել անսպասելի այցի պոլիկլինիկա։ Իսկ մենք առաջնորդվում ենք սպառողների շահերով։»,- նշեց առողջապահության նախարարության նորարարական ծրագրերի բաժնի ավագ նորարար Նորայր Խաչիկյանը։ Չնայած ձախլիկ մերսողների կողմից հասցված վնասվածքների մասին ոչ մի վիճակագրություն գոյություն չունի, նախարարությունը արդեն իսկ սկսել է բանակցել մերսողների հիմնական մատակարարներ Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի հետ, արգելքը կյանքի կոչելու նպատակով։

Իրենց բողոքի խոսքն են բարձրացրել հայ մերսողները։ Anulik Mersum ՖԲ էջի գլխավոր ադմին Անուլիկը թեև ողջունում է միգրանտ մերսողների մուտքի սահմանափակումը, բայց մտավախություն ունի, որ հայ ձախլիկ մերսողները նույնպես կթիրախավորվեն. «Կյանքս ես 15 տարիա էս գործի մեջ եմ, գիտես հեշտա՞ ձախ ձեռքից անցնել աջի։ Ասեմ ավելին աջով կարողա ավելի շատ վնասվածք պատճառեմ քան ձախով։ Հո սաղս ամբիդեքստեր չենք»։ Անուլիկի խոսքով եթե արգելքը տարածվի տեղական սպասարկողների վրա՝ ձախլիկ մերսողները ճարահատված գործադուլ կսկսեն։ «Դե տեսնեմ ի՞նչ են անելու, երբ էդքան ղզղնած պարսիկ ընկնի փողոցները։ Հաստատ «երջանիկ ավարտ» չսպասեք»,- սպառնաց Ոսկե դաստակ 2017 մրցանակի դափնեկիրը։