Press "Enter" to skip to content

Ազգային ժողովը հաստատեց 2017–18 թթ. խառը կանաչիի կազմը

Սամիթի համար միջամտել էին վերևներից
Սամիթի համար բարեխոսել էին վերևներից

Այսօր երկրի գլխավոր օրենսդիր մարմինը հաստատեց այն կանաչիների տեսակները, որոնցից  2017-18 թթ. կկազմվի շուկայում առաջարկվող խառը կանաչին։ Այս տարի կրկին որևէ անակնկալ չկար և հաստատված կազմը չէր տարբերվում նախորդ տարիների ընտրությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարդան Բաղդասարյանի կարծիքով արկածախնդրություն կլիներ այսքան տարի անց որևէ բան փոփոխել խառը կանաչիի կազմում՝ «Չի կարելի ընկնել այժմեական հարցերի հետևից ու տեսադաշտից կորցնել ամբողջական պատկերը։ Խառը կանաչին դեռ մեր պապերից եկել է այս կազմով և մենք պարտավորն ենք հարգել և պահպանել այդ ավանդույթները»։ Հարցը առավելագույնս սրվել էր երբ ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը առաջարկեցին այլընտրանքային նախագիծ, համաձայն որի թարխունը նույնպես պետք է ընդգրկվեր խառը կանաչիի կազմում։ «Թարխունը արդեն երկար ժամանակ է հասանելի է կլոր տարի, թարխունը վայելում է ժողովրդի լայն զանգվածների անվերապահ սերը և ինձ համար անհասկանալի է այս խտրականությունը թարխունի նկատմամբ»,- նշեց Զուրաբյանը։

Քվեարկության օրը ԱԺ դահլիճում նկատելի էր կոալիցիոն ուժերի աննախադեպ մասնակցություն և խառը կանաչիի կազմը հաստատվեց 69 կոմ 11 դեմ և 4 ձեռնպահ ձայներով։ Ձեռնպահ քվեարկած պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեև տեսականորեն ողջունում է փոփոխությունները խառը կանաչիի կազմում, բայց պրակտիկորեն չէր ցանկանա, որ հաստատված կանաչիներից որևէ մեկը դուրս մնար այդ կազմից. «Այ եթե լրացուցիչ քվոտա իջեցվեր և թարխունը ավելանար խառը կանաչուն, ես անվերապահորեն կսատարեյի ընդդիմադիր գործընկերներիս»,- պարզաբանեց Մարուքյանը։

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.