Press "Enter" to skip to content

Քաղաքական ուժերը խոստանում են միասնություն ցուցաբերել ևս մի քանի օր

Ամեն րոպե սպասվում է քաղաքական ուժերի վերադարձը նախկին վեճերին
Ամեն րոպե սպասվում է քաղաքական ուժերի վերադարձը նախկին վեճերին

ԵՐԵՎԱՆ — Ղարաբաղյան լարված մի քանի օրերից հետո կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները չեն կողմնորոշվում երբ կարելի է վերադառնալ ներքին վեճերին:

Ընդդիմադիր ուժերը տարբեր գնահատականներ են տալիս հնարավոր համերաշխության տևողությանը: ՀԱԿ ներկայացուցիչը մեր հետ զրույցում նշեց. «Կարծում եմ ևս երկու-երեք օր կպահպանվի այս համախմբված և համերաշխ վիճակը: Առավելագույնը` ևս մեկ շաբաթ»:

ՀՀԿ ներկայացուցիչները ավելի լավատես են այդ հարցում. «Եթե մեր առաջարկած օրենքների նախագծերը այլևս չքննադատեն, չբացահայտեն կոռուպցիան, չասեն, որ ալան-թալան ենք անում, ապա մեծ սիրով ևս մի քանի ամիս կարելի է պահպանել ներքին հասարակական և քաղաքական անդորրը»:

Քաղաքական վերլուծաբանների կանխատեսումներով անհարմար համերաշխությունը կարող է անցնել մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում: Մանվել Բագրանդուլյանը նշում է. «Փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լինել միասնական և համախմբվախ միայն ծայրահեղ վտանգավոր վիճակներում: Կարծում եմ հենց անմիջական վտանգը նվազի, մեր քաղաքական ուժերը կվերսկսեն ներքին վիճաբանությունները»: