Press "Enter" to skip to content

Բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվել են անմարդկային նվիրատվությունների

Իշխանությունը չի կարողանում պոկվել բարեգործության ճանկերից
Իշխանությունը չի կարողանում պոկվել բարեգործության ճանկերից

ԵՐԵՎԱՆ — Նախագահական և կառավարական գրասենյակների աշխատակիցները ճանաչվել են 2014-ի ամենահաջողակ պաշտոնյաները: Եկամուտների հայտարարագրերը բացահայտել են միլիոնավոր դոլարների նվիրատվություններ, որոնք իշխանությունը որակել է որպես «տարրական ղսմաթի դրսևորում»:

Բարձրաստիճան պաշտոնյաների անցած տարվա հայտարարագրերը ցույց են տվել, որ համեստ աշխատավարձով աշխատող պետական պաշտոնյաները միլիոնավոր դոլարների նվիրատվություն են ստացել իրենց ազգականների անունով: Էթիկայի հանձնաժողովը, որը զբաղվում է հայտարարագրերի հավաքագրմամբ և շահերի բախումների քննությամբ, որևէ տարօրինակ բան չի գտել:

«Սա սովորական ղսմաթի դրսևորում է», — բացատրում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի խոսնակ Մայրամուտ Զարմանյանը, «որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք ստանում են հարյուր հազարավոր դոլարների նվիրատվություն: Սա ընդունված բարեգործության տեսակ է` էլիտար բարեգործություն, որը կա բոլոր զարգացած երկրներում: Պարզապես մենք սովոր ենք, որ բարեգործությունը արվի միայն աղքատներին, բայց դա շատ պրիմիտիվ փուլ է, որը Հայաստանը անցել է»:

«Եթե ինչ-որ մեկը այդ նվիրատվությունների մեջ կոռուցիոն ռիսկ է տեսնում, ապա նա պարզապես չար է և նախանձ» - էթիկայի հանձնաժողով
«Եթե ինչ-որ մեկը այդ նվիրատվությունների մեջ կոռուցիոն ռիսկ է տեսնում, ապա նա պարզապես չար է և նախանձ» — էթիկայի հանձնաժողով

«Պատկերացրեք, որ ուզում եք մի նվիրատվություն անել նախագահականի մի աշխատակցի.. դէ դուք ուղղակի, պատկերացրեք», — չի հանձվում խոսնակը, «Բնականաբար բուն պաշտոնյային նվիրատվություն անելը էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ` պետք է նվիրել կնոջը: Իսկ եթե նման պաշտոնյայի կնոջը մի բան ես նվիրում, ապա նորից` էթիկայի տեսանկյունից սիրուն չի հարյուր հազար դոլարից պակաս նվիրել: Այնպես որ ամեն ինչ էթիկայի շրջանակներում է»:

Սփյուռքի նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ խուճապի առիթ չկա. «Դա մեր անցած տարվա ծրագիրն է` ‘100 հազար յուրաքանչյուր  պաշտոնյայի ընտնաիքին’: Պարզապես սփյուռքը այնքան հավանեց այդ ծրագիրը, որ տասնյակ անգամ գերազանցեց հանգանակությունը պաշտոնյաների ընտանիքներին»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը ևս հաստատում է, որ որևէ կոռուպցիոն ռիսկ չկա բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին միլիոնավոր դոլարների փոխանցման հետ կապված: «Նրանք ընդամենը շատ հաջողակ մարդիկ են: Դա պարզապես ղսմաթ է», — նշում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.