Press "Enter" to skip to content

Քյասիբի ռադիոն պահանջում է սակագնի թանկացում

Թանկացումից հետո այն տեխնիկապես այլևս Քյասիբի ռադիո չի համարվի
Թանկացումից հետո այն տեխնիկապես այլևս Քյասիբի ռադիո չի համարվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմում-հայտ է ներկայացրել Քյասիբի ռադիոն, խնդրելով վերանայել մատուցվող ծառայության սակագինը: Քյասիբի ռադիոյի պնդմամբ 2014թ. ընկերությունը ունեցել է մոտ 318 միլիոն դրամի կորուստ, որը պայմանավորված էր տաք ձմեռով, Ջրհոսների համար անբարենպաստ շրջանով և երկրում տիրող ընդհանուր լոքշ մթնոլորտով: Հանձնաժողովը պատրաստվում է մոտակա 80 օրվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել հայտը, ապա նոր բավարարել կամ մերժել Քյասիբի ռադիոն 17 դրամով թանկացնելու առաջարկը:
Հետաքննող լրագրորղներն ու կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպոթյունները արդեն իսկ մի շարք կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերել հայտում: «Օրինակ Քյասիբի ռադիոյի տնօրենը 4 տարի է ամսեկան 84 510 դրամով վարձակալում է սև կոստյում «Մադլեն & Փիսիկ» ՍՊԸ-ից: Նախ մեզ անհասկանալի է ինչու պարզապես չեն գնում այդ կոստյումը, բայց էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ Մադլենը հանդիսանում է Քյասիբի ռադիոյի տնօրեն Մարկ Քալանթարյանի հարազատ քույրը», — նշում է Corruption! ՀԿ նախագահ Քեվին Մադաթյանը: Այս և մնացած ահազանգերն ու փաստերը արդեն ուղարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որտեղ դրանք պետք է ուսումնասիրվեն:
«Անպայման կուսումնասիրենք, ճիշտա արդեն լավ շոգ է ու դիմացն էլ ոնց-որ արդեն օգոստոսն ա, բայց դե մի օր անպայման կուսումնասիրեն», — ասաց խորհուրդի մամուլի հետ կապերի պատասխանատու Նիկոլայ Մաչախչյանը, հավելելով որ շատ դեպքերում ռիսկերը մամուլի կողմից ուռճացված են. «Օրինակ նույն էդ կոստյումի պատմությունը` գուցե հենց այդ խանութի հենց այդ կոստյումն է լավ նստել տնօրենի վրա, գուցե ուրիշ կոստյումներ փոնփ էին տալիս կամ թևերն էին կարճ: Հիմա ո՞նց ստիպենք մարդուն չվարձակալի այդ կոստյումը, թողնենք Քյասիբի ռադիոյի տնօրենը բոմժի տեսք ունենա՞»:
Այլ հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի շարքում էն տնօրենի ամենամյա այցերը Մայամիի ռադիո համաժողովին, գրասենյակում պահվող Ուսուրյան վագրը և ընկերւթյան հաշվապահի Golfsream 5 ինքնաթիռը: