Press "Enter" to skip to content

Հայաստանին հաջողվեց չխառնվել FIFA-ի կոռուպցիոն սկանդալին

Բլատեր. «կոռուպցին սխեմային Հայաստանից չի մասնակցել չ մի պաշտնյա, կամ բիզնեսմեն, կամ արքիեպիսկոպոս»
Բլատեր. «կոռուպցիոն սխեմային Հայաստանից չի մասնակցել ոչ մի պաշտնյա, բիզնեսմեն կամ արքեպիսկոպոս»

Այսօր տեղի ունեցած ասուլիսին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը լրագրողներին ներկայացրեց 2015թ. արձանագրված հաջողությունները: Խորհրդի խոսնակ Սարգիս Ասլանյանի խոսքով սույն տարվա ամենամեծ ձեռքբերումը FIFA-ի կոռուպցիոն մեգասկանդալում ոչ մի մասնակցություն չունենալն էր: «Հպարտությամբ եմ ուզում նշել, որ խորհրդի ջանքերի շնորհիվ ոչ մի առնչություն չունեցանք այս սարսափելի կոռուպցիոն համակարգի հետ: Մսխվել են միլիոնավոր դոլարներ, յուրացվել են հսկայական կարողություններ, սակայն Հայաստանը դիմադրեց այս սոսկալի թալանին մասնակցելու գայթակղությանը», — նշեց Ասլանյանը չհստակեցնելով թե կոնկրետ ինչում էր հենց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նվաճումը: «Այսօր այս սկանդալի մասին գրում են աշխարհի բոլոր լրատվամիջոցները և նրանք միաձայն շեշտում են, որ Հայաստանի այս ամոթալի պատմության հետ ոչ մի կապ չունի: Անհնար է սրանով չհպարտանալ», — շարունակեց նա:
Ասլանյանը շեշտեց, որ Հայաստանին տարիներ շարունակ հաջողվել էր որևէ կերպ չնպաստել FIFA-ի հանցավոր ռեժիմի վերարտադրմանը. «Զեպ Բլատերը արդեն հինգերորդ անգամ էր զբաղեցնում FIFA-ի նախագահի պաշտոնը, հասկանու՞մ եք` նորմալ երկրներում սա ինքնին կոռուպցիա է համարվում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը բազմիցս էր մտահոգվել այս առիթով, իսկ մի քանի անգամ նույնիսկ բարկացել: Վերջապես մեր անհանգստությունը շոշափելի արդյունք տվեց»:
Արդեն ընթացիկ տարվա մեջ խորհուրդը նախատեսում է կիրառել այս հաջողված փորձը այլ որորտներում` մասնավորապես ամեն ինչ անել, որ Հայաստանը որևէ աղերս չունենա Կենտրոնական Ամերիկայի երկրներում տիրող խայտառակ կոռուպցիային և ալան-թալանին:
«Արդեն կազմվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը ուսուցողական այցեր կանի այդ երկրներ համոզվելու, որ Հայաստանը իսկապես շաղկապված չէ», — վստահեցրեց Ասլանյանը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.