Press "Enter" to skip to content

Կառավարության որոշմամբ` էներգետիկ վամպիրները այսուհետև հարկ կվճարեն

Լուրը անչափ տխրեցրել է էներգետիկ վամպիրների համայնքին
Լուրը անչափ տխրեցրել է էներգետիկ վամպիրների համայնքին

Կառավարությունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, ըստ որի` այսուհետև էներգետիկ վամպիրները պետք է պետությանը վճարեն կլանած էներգիայի հարկ։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո խոսնակ Երվանդ Պաշարյանը նշել է. «Այս որոշումը բխում է մեր բնակչության շահերից։ Եթե ՀՀ քաղաքացիները վճարում են գազի կամ էլեկտրաէներգիայի համար, պետք է վճարեն նաև այս դեպքում»։

Նախարարությունը մշակել է ընթացակարգ` վճարման մեխանիզմները հստակեցնելու նպատակով։ Նախարարության շենքում կգործի հատուկ բաժին, որը կսպասարկի էներգետիկ վամպիրների զոհ դարձած քաղաքացիներին, կգործի նաև թեժ գիծ։ Վճարվող գումարները սահմանվել են ըստ էներգետիկ վամպիրների կլանած էներգիայի չափի և ժամանակի։ Պարզաբանում է Երվանդ Պաշարյանը. «Այսպես` եթե ձեր զրուցակցի հետ շփվելուց 5 րոպե անց զգում եք, որ ձեր քունը սկսում է տանել, ամենայն հավանականությամբ նա էներգետիկ վամպիր է։ Գալիս եք մեր հատուկ բաժին, հայտնում եք վամպիրի տվյալները, և արդեն մի քանի ժամ անց նա ստանում է հարկ վճարելու ծանուցում»։

Նախարարության սահմանված հարկերով էներգետիկ վամպիրները խլած էներգիայի յուրաքանչյուր 5 րոպեի համար կվճարեն 1200 դրամ։ «Սակայն եթե էներգետիկ վամպիրի պատճառով ոչ միայն ձեր քունն է սկսում տանել, այլև գլխացավ է առաջանում, այդ դեպքում վճարվող գումարը կրկնապատկվում է` յուրաքանչյուր 5 րոպեի համար 2400 դրամ»,- հավելում է Պաշարյանը։

Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ինքն էլ կարող է պահի տակ ձանձրալի լինել
Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ինքն էլ կարող է պահի տակ ձանձրալի լինել

Որոշումը ոչ միանշանակ է ընդունվել մի շարք ընդդիմադիր գործիչների կողմից։ Մասնավորապես` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է. «Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ այս հարկից կխուսափի։ Սա պարզապես թալան է։ Փաստացի` կառավարությունը որոշել է գումար կորզել ձանձրալի մարդկանցից, իսկ այդպիսին պահի տակ կարող է լինել յուրաքանչյուրը, նույնիսկ ես»։

Մեզ հասած տեղեկություններով` ՀՀ էներգետիկ վամպիրները արդեն միջոցներ են ձեռնարկում հարկերից խուսափելու համար։ Էներգետիկ վամպիրներին մոտ կանգնած աղբյուրը մեր թղթակցին հայտնել է, որ նրանք պատրաստվում են էներգիան ներկրել հարևան Վրաստանից ու Իրանից, քանի որ այդ պարագայում շատ ավելի էժան է ստացվում։

Մեկ մեկնաբանություն

  1. Կառավարությունը չի կարող հարկ սահմանել, հարկերը սահմանվում են բացառապես օրենքով

Մեկնաբանությունները փակ են.