Press "Enter" to skip to content

Կառավարությունը պատրաստ է կարեկցող դեմքով լսել 2015 -ի բյուջեի վերաբերյալ ցանկացած քննադատություն

Արդեն ընտրվել է հայացք, որով լսելու են ընդդիմության առաջարկները
Արդեն ընտրվել է հայացք, որով լսելու են ընդդիմության առաջարկները

ԵՐԵՎԱՆ — Իշխանությունը վստահեցնում է, որ պատրաստ է քննարկել և լսել ցանկացած ուժի քննադատություն ու առաջարկներ և միայն հետո ընդունել դրանք առանց որևէ փոփոխության: Աղբյուրների համաձայն` դա արվում է ԱԺ-ի և կառավարության իմիջը բարձրացնելու նպատակով:

Ֆինանսների նախարարության խոսնակ Մստիսլավ Փողիկյանը հայտարարել է, որ որևէ քննադատություն կամ կարծիք չեն վրիպի նախարարության կողմից. կլսեն բոլորի կարծիքները:

«Մենք վերջերս ենք վերադարձել USAID-ի կողմից կազմակերպած ուսուցումից, որտեղ մեզ բացատրեցին հանրային լսումների կարևորությունը», — բացատրում է Փողիկյանը: «Բնականաբար, այդ լսումները չեն ազդի մեր կազմած բյուջեի վրա, բայց կստեղծվի մի գեղեցիկ ավանդույթ, որտեղ իշխանությունը ուշադիր լսում է մյուսներին և մանավանդ ընդդիմությանը»:

Ընդդիմությունը մեծ ոգևորությամբ է ընդունել իշխանական ճամբարի նոր մոտեցումը: Միացյալ ընդդիմության առաջնորդ, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը պնդում է, որ դա ցիվիլ քայլ է. «Դա ցիվիլ քայլ է: Այո, թող ընդունեն մեզ և լսեն: Իհարկե… Ափսոս, որ ոչ մի առաջարկ չեն ընդունելու..»:

«Բոլոոոր բողոքները սիրով կլսեմ», - Տ. Վարդապետյան
«Բոլոոոր բողոքները սիրով կլսեմ», — Տ. Վարդապետյան

ՀՀԿ-ն արդեն հատկացրել է 10 պատգամավորներից բաղկացած խումբ` Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ, որոնք կառանձնանան ընդդիմադիր պատգամավորների և ակտիվիստների հետ և մինչև վերջ կլսեն բոլոր բողոքներն ու մտահոգությունները:

«Մենք ընտրել ենք ամենակարեկցող և մեծ աչքերով պատգմավորներին, որպեսզի բյուջեի մասին ցանկացած բողոք ստանա իր հասանելիք հասկացող հայացքը և որոշ դեպքերում նաև փոքրիկ հոգոցը», — բացատրում է Ֆինանսների նախարարության խոսնակը:

Որոշ դեպքերում ծրագրվում է իրականացնել անհատական մոտեցում. «Հրանտ Բագրատյանի բողոքները բյուջեի հարցով կլսեն միանգամից երեք պատգամավոր, որոնք անցել են ինտերակտիվ միմիկայի կուրսեր: Արդյունքում ոչ մեկ չի կարողանա ասել, որ մենք չենք քննարկել բյուջեն նախքան ընդունելը»:

Կառավարությունը չի պատրաստվում կանգնել այս նախաձեռնության վրա և խոստանում է փորձը կիրառել նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Դատախազությունը հաջորդ տարի կբացի հատուկ սենյակներ բոլոր վարչական շրջաններում, որտեղ քաղաքացիները կկարողանան մոտենալ և դժգոհել կաշառակերության, չարաշահումների և ցանկացած այլ անարդարության մասին: