Press "Enter" to skip to content

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ Հայաստան կբերի Լի Քուան Յուին

«Կգամ միայն մեկ պայմանով... եթե էլ Գառնի-Գեղարդ չտանեն...», - Լի Քուան
«Կգամ միայն մեկ պայմանով… եթե էլ Գառնի-Գեղարդ չտանեն…», —  կես կատակ, կես լուրջ նշեց Լի Քուանը

ԵՐԵՎԱՆԿառավարության աշխատակազմի ղեկավարը չորեքշաբթի օրը հաստատեց, որ հոկտեմբերին Հայաստան ևս մեկ անգամ կբերվի Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Քուան Յուն: «Կարծում ենք նախորդ այցի ժամանակ չկարողացանք մաքսիմալ օգուտ քաղել այդ բացառիկ մարդուց: Այս անգամ կարելի է նրան ավելի շատ բզբզել, ավելի շատ հարցեր տալ և վերջապես հասկանալ` ինչպես ազատվել կոռուպցիայից», — նշել է կառավարության խոսնակ Անաստաս Շկունցը:

Քուանի այցը նախատեսվում է հակակոռուպցիոն լայնածավալ պայքարի շրջանակներում: Իշխանական աղբյուների համաձայն` Սինգապուրի նախկին վարչապետին նախատեսված է տանել Հայաստանի բոլոր մարզեր, ծանոթացնել առավել կոռումպացված հիմնարկների ղեկավարների և պաշտոնյաների հետ:

«Հաշվի առնելով Քուանի.. Քուան էր, չէ? Էդ մարդու հակակոռուպցիոն փորձը, մենք կփորձենք նրա միջոցով ազդել պաշտոնյաների վրա, իշխանական օղակների վրա: Մենք ակնկալում ենք, որ Քուանը.. Քուան, թե Քյուան?.. Էդ մարդը կկարողանա համոզել մեր պաշտոնյաներին զերծ մնալ պաշտոնի չարաշահումից», — նշել է հակակոռուպցիոն պայքարի գծով ՀՀ իշխանությանը կից գրասենյակի տնօրեն Շկունցը:

«Եվրոպան ողջունում է Լի Քուանի նման մարդկանց հնարավորինս հաճախ Հայաստան բերելը», - Քեթրին Էշթոն
«Եվրոպան ողջունում է Լի Քուանի նման մարդկանց հնարավորինս հաճախ Հայաստան բերելը», — Քեթրին Էշթոն

Հիշեցնենք, որ 2009-ին Լի Քուանը արդեն այցելել է Հայաստան, հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն նրա այցը չի նվազեցրել կոռուպցիան: Նախկին վարչապետի ներկայացուցիչը, որը խնդրեց մնալ անանուն, բացատրում է խնդիրը. «Այն ժամանակ Լի Քուանը շատ արմատական խորհուրդներ էր տալիս, որոնց մենք պատրաստ չէինք: Նա պնդում էր, որ բյուջեն թալանելու համար պետք է պատժել նույնիսկ մտերիմ մարդկանց և թիմակիցներին.. որ հարկային դաշտ պետք է մտցնել բոլորին` ներառյալ հիանալի մարդկային որակների տեր օլիգարխների…», — բացատրեց Շտունցը:

Լի Քուանի գրասենյակից հաղորդում են, որ այցի շրջանակներում կներկայացվեն հակակոռուպցիոն նոր մոտեցումներ: «Մենք հասկացել ենք, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ արմատական միջոցների` չգողանալ, պաշտոն չչարաշահել… Դրա համար այս անգամ կփորձենք սովորեցնել, թե ինչպես է պետք ավելի քիչ գողանալ և պաշտոնը չարաշահել միայն ծայրահեղ դեպքերում», — կիսվեց Լի Քուան Յուի գրասենյակի տնօրեն Լի Քուան Յուն:

Հայ օլիգարխների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն` ՀայՕլՊաշ-ը, մտահոգություն է հայտնել Քուանի այցի կապակցությամբ: ՀԿ-ի տնօրենը նշել է, որ Հայաստանը պետք է զարգանա ինքնուրույն ուղեգծով` առանց օտար կասկածելի մեխանիզմների: «Չենք կարծում, որ Սինգապուրից ինչ-որ չինացի պետք է գա ու մեզ ասի, թե մեր գործարարները պետք է մուծեն հարկ, թե պետք է հարգեն օրենքը, թե այլ արևելյան նորաձևություններ», — ասել է Շտունցը:

«Հայստանը դեռ նորանկախ պետություն է և երկար ճանապարհ պետք է անցնի նախքան… բյուջեից չթալանելը կամ օրենք հարգելը», — հավելել է ՀԿ-ի տնօրենը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.